Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի

Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի

Հայաստանում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունը նախատեսվում է երկարաձգել մինչև 2024 թվականը:  

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:

«Նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների, մասնավորապես մեծ, միջին, փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների  և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետը»,- ասաց Գաբրիելյանը:

Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս ԵԱՏՀ-ի որոշմամբ՝ մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը:

Գաբրիելյանի վստահեցմամբ՝ 2019 թվականի հուլիսի 1-ից Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունն ուժի մեջ մտնելուց հետո հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ միջավայր՝ էլեկտրամոբիլների ձեռքբերման, ինչպես նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման համար:

2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ է ներմուծվել 5 291 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, այդ թվում 2019-ին՝ 668, 2020-ին՝ 2 155 և միայն 2021-ի առաջին կիսամյակում՝ 2 468: 2018 թվականին ներմուծվել է ընդամենը 12 էլեկտրամոբիլ:

«Արդեն իսկ տեղադրվել են և շահագործվում են հզորությամբ ավելի քան 40-45 լիցքավորման կայաններ, Երևանում՝ մոտ 20, Գյումրիում՝ 6, Ծաղկաձորում, Դիլիջանում, Իջևանում՝ 3-ական, Վանաձորում, Սևանում և Աշտարակում և հանրապետության մի շարք համայնքներում՝ մայրուղիների և ճանապարհների վրա»,- ասաց փոխնախարարը:

Ներկայում Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից  ևս մեկնարկել է «Հայաստանում անցում էլեկտրոնային շարժիչով մեքենաներին» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է կառավարության համար ձեռք բերել 1 տասնյակից ավելի էլեկտրամոբիլներ և լիցքավորման կայաններ:

Նախագիծը ստացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում