ՀՀ և ԻԻՀ ԱԳ փոխնախարարներն ընդգծել են միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին հունվարի 20-ին Թեհրանում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին: Քննարկվել են երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում առկա ընթացիկ քաղաքական հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է նաև ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիթ Թախթ Ռավանչիին:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների տեղակալներն արձանագրել են Հայաստանի և Իրանի համագործակցության բոլոր ոլորտներում առկա փոխգործակցության բարձր մակարդակը:
Անդրադառնալով երկու երկրների ընթացիկ քաղաքական երկխոսությանը՝ կարևորվել է հարգանքի և փոխադարձ վստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: Ընդգծվել է միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը:
Ըստ աղբյուրի՝ Վահան Կոստանյանը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ: Հատկապես կարևորվել են ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտում արդեն իսկ իրականացվող նախագծերն և նախանշվող ծրագրերը:
Նշվում է, որ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և նույնն ակնկալում է Ադրբեջանից: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:
Կարծիքներ