Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից համակարգչային տոմոգրաֆ սարքով

Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից համակարգչային տոմոգրաֆ սարքով

Այսօր` փետրվարի 22-ին, Սպիտակի բժշկական կենտրոնում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա են գտնվել համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։

Siemens գերմանական ապրանքանիշի գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆը ձեռք է բերվել Սպիտակի բժշկական կենտրոնի միջոցներով՝ տնօրեն Վարդուհի Սիսակյանի նախաձեռնությամբ: Համակարգչային գերժամանակակից տոմոգրաֆի միջոցով կկատարվեն բազմաթիվ կարեւոր հետազոտություններ, այդ թվում՝ գլխուղեղի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի եւ այլն:

Բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ նախարարը, մարզպետը, մարզային բժշկական հաստատությունների տնօրենների եւ բուժաշխատակիցների ուղեկցությամբ շրջայց են կատարել բժշկական կենտրոնում, եղան տոմոգրաֆիկ հետազոտման նորաբաց կաբինետում, ծանոթացել սարքի հնարավորություններին, եղել նաեւ վերակենդանացման բաժանմունքի նորաբաց սրահում, որը եւս հագեցվել է բժշկական կենտրոնի միջոցներով եւ պատրաստ է սպասարկել անգամ ամենածանր վիճակում հայտնված պացիենտներին:

Ելույթի իր խոսքում Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը, անդրադառնալով համակագչային տոմոգրաֆիկ սարքի ձեռքբերմանը, տեղեկացրել է, որ սպասարկելով ավելի քան 40 հազար բնակչի, գտնվելով Մ-3 միջպետական մայրուղու հարեւանությամբ, ինչպես նաեւ տարածաշրջանում ունենալով զբոսաշրջային մի շարք երթուղիներ, այդ թվում՝ Սուրբ Հովհաննես մատուռն ու Թռչկանի ջրվեժը, հաճախ են ունեցել դժբախտ պատահարներով ու արտակարգ դեպքերի հետեւանքներով տուժած պացիենտների, որոնց վերջնական եւ որակյալ բուժօգնության համար սարքի ձեռքբերումը առաջնային էր:

Շնորհավորելով հերթական ձեռքբերման կապակցությամբ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ իր համար հպարտություն է հերթական անգամ ներկա գտնվել մարզային բուժհաստատությունների` արագ քայերով առաջ գնալուն: Այսօրվա հաջողությունը համառ աշխատանքի եւ խնդիրները լուծելուն ուղղված նպատակին հասնելն է, որը չէր լինի, եթե չլիներ բժշկական կենտրոնի նվիրվածությունն իրենց աշխատանքին ու մասնագիտությանը:

Սպիտակի բժշկական կենտրոնը շարունակում է անվերապահորեն կատարել իր առջեւ դրված սուրբ գործը՝ որակյալ բուժօգնություն մատուցել ազգաբնակչությանը, միեւնույն ժամանակ վերազինվել միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնիկա-սարքավորումներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում