Հյուսիսային Կորեան հայտնել է հետախուզական արբանյակի հաջող արձակման մասին․ Սեուլը պատասխան քայլեր է ձեռնարկել

Հյուսիսային Կորեան հայտնել է հետախուզական արբանյակի հաջող արձակման մասին․ Սեուլը պատասխան քայլեր է ձեռնարկել

Հարավային Կորեան մասամբ դադարեցրել է Հյուսիսային Կորեայի հետ կնքված ռազմական համաձայնագրի կատարումն այն բանից հետո, երբ Փհենյանը հայտարարեց, որ հետախուզական արբանյակ է արձակել ուղեծիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Չնայած Սեուլի և Վաշինգտոնի նախազգուշացումներին՝ Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ նոյեմբերի 21-ին հաջողությամբ արձակել է իր առաջին հետախուզական արբանյակը և պատրաստվում է մոտ ապագայում էլի արբանյակներ ուղարկել ուղեծիր։

Հյուսիսային Կորեայի պետական գործակալությունը լուսանկարներ է տարածել, որոնցում երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը դիտում է հրթիռի արձակումը։ Ըստ գործակալության՝ Malligyong-1 արբանյակն արձակվել է Chollima-1 հրթիռով նոյեմբերի 21-ին, ժամը 22։42-ին և ուղեծիր է մտել ժամը 22։54-ին։

Հարավային Կորեան և Ճապոնիան հայտնել են հրթիռի արձակման մասին, սակայն չեն կարողացել հաստատել՝ արդյոք արբանյակն ուղեծրում է։ Իսկ Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ զինվորականները դեռ գնահատում են՝ արդյոք արձակումը հաջողությամբ է պսակվել։

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը, որը պետական այցով գտնվում է Բրիտանիայում, տեսակապով Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել նախարարների և հետախուզության պետի հետ և հավանություն է տվել միջկորեական համաձայնագիրը մասամբ դադարեցնելու որոշմանը։

Համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականին Հարավային Կորեայի նախկին նախագահ Մուն Չժե Ընի և Կիմ Չեն Ընի միջև։ Դրա նպատակն էր նվազեցնել երկու Կորեաների միջև լարվածությունը։

Ըստ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության՝ դադարեցվում է համաձայնագրի կետերից մեկը և վերսկսվում է օդային հսկողությունը երկու երկրների համատեղ սահմանի մերձակայքում։

Հյուսիսային Կորեան Ճապոնիային ծանուցել էր, որ մտադիր է նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հետախուզական արբանյակ արձակել: Արբանյակի արձակման նախկին երկու փորձերը ձախողվել էին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում