Բրատիսլավայում ՀՀ ԱԺ պատվիրակությունը ներկայացրել է Ադրբեջանի՝ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության հետևանքները
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Էդուարդ Աղաջանյանը, հունիսի 22-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Վլաչովսկի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Սարգիս Խանդանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին տարիներին ակտիվացել է համագործակցությունը Հայաստանի և Սլովակիայի միջև: Նա նշել է, որ չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին` անչափ կարևոր է քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանումը: Նա բարձր է գնահատել Սլովակիայի աջակցությունը Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցում:
Հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով նաև տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին, ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիվ քաղաքականության հետևանքները, Լաչինի միջանցքի արգելափակումը և վերջինիս հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը` անընդունելի համարելով միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն և չնայած բոլոր մարտահրավերներին` ակտիվորեն մասնակցում է բանակցային գործընթացին:
Սլովակիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարը նշել է, որ ուրախ է երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու հնարավորության համար և հաստատել է Սլովակիայի աջակցությունը` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդման գործընթացին:
Հայ խորհրդարանականները հանդիպել են նաև Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար Բրանիսլավ Սուսիլի հետ: Կարևորվել է հայ-սլովակական տնտեսական և գործարար կապերի ամրապնդումը: Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության առկա ծավալների ավելացմանն ու արտահանվող ապրանքների տեսականու ընդլայնմանն ուղղված հեռանկարները:
Այցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբան, Սլովակիայի նախկին արտգործնախարար Պավոլ Դեմեսի, ինչպես նաև Սլովակիայի Նիտրա քաղաքի Եպիսկոպոս Վիլյամ Յուդակի հետ: ԱԺ պատվիրակությունն այցելել է Սլովակիայի ագրարային համալսարան, «Վոլկսվագեն» ավտոմեքենաների գործարան:
Հանդիպումներին մասնակցել են նաև Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը ու պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը:
Կարծիքներ