Հացահատիկի համաշխարհային գները հուլիսին նվազել են. ՄԱԿ ՊԳԿ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հացահատիկի գների ինդեքսը հուլիսին նախորդ ամսվա համեմատությամբ նվազել է 3,8 %-ով։ Կազմակերպությունում դա բացատրում են հացահատիկի բոլոր հիմնական տեսակների արտահանման գների նվազմամբ երկրորդ ամիսն անընդմեջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսով հետևում են մի շարք պարենային ապրանքների միջազգային գների ամսական փոփոխություններին։ Ըստ օգոստոսի 2-ին հրապարակված ինդեքսի՝ ցորենի գնանշումները նվազել են հյուսիսային կիսագնդում բերքահավաքից հետո երաշխավորված պաշարների և Կանադայում ու ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ բարենպաստ պայմանների ֆոնին: Եգիպտացորենի արտահանման գները նույնպես նվազել են Արգենտինայում և Բրազիլիայում բերքահավաքի լավ տեմպերի շնորհիվ: Բրնձի գների ինդեքսը նվազել է 2,4 %-ով։Ձեթերի գների ինդեքսն, ընդհակառակը, հունիսից աճել է 2,4 %-ով՝ հասնելով վերջին վեց ամսվա առավելագույնին։ Արմավենու ձեթի, սոյայի, արևածաղկի և ռապսի ձեթերի համաշխարհային գնանշումներն աճել են, ինչին նպաստել են կենսավառելիքի հատվածի կողմից սոյայի ձեթի կայուն պահանջարկը և մի շարք խոշոր արտադրող երկրներում արևածաղկի և ռապսի ձեթերի հումքի բերքի հեռանկարների վատթարացումը:
Ընդհանուր առմամբ, պարենային ապրանքների համաշխարհային գները հուլիսին չեն փոխվել, իսկ ձեթերի, մսամթերքի և շաքարի միջազգային գնանշումների աճը փոխհատուցել է հացահատիկի գների շարունակվող նվազումը, արձանագրում է ՄԱԿ ՊԳԿ-ն:
Կարծիքներ