Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ»-ի տոմսերի արժեքը
«Առաջին ալիք»-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնել է, որ եվրատեսիլյան շաբաթը Երևանում տպավորիչ է լինելու՝ հավելելով՝ բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում, և 16 երկրների մասնակիցները կվառեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը:
«Տոմսերի վաճառքը կմեկնարկի նոյեմբերին. դեկտեմբերի 11-ի տոմսերը կլինեն 5000-30,000 դրամի միջակայքում, իսկ 10-ինը՝ ավելի մատչելի:
Առաջին ալիքը Հայաստան է հրավիրել «Մանկական Եվրատեսիլի» նախկին հաղթողներին, որոնք ևս հանդես կգան շոուում Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի սաների հետ: Ելույթ կունենա նաև Մալենան իր հաղթական երգով, ինչպես նաև պրեմիերայով: Առաջին ալիքը մրցույթին պատրաստվել է տարեսկզբից: Կազմակերպչական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր մասնագետներ Հայաստանից և Եվրոպայից: Առաջին ալիքը սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ՝ ծրագրի բոլոր բաղադրիչները հարթ և անխոչընդոտ իրականացնելու համար։ Այս ճանապարհին մեր կողքին են EBU-ի գործընկերները. սա Հանրայինի և մեր երկրի համար մեծամասշտաբ միջազգային շոու իրականացնելու լավագույն փորձառություններից է»,- գրել է նա:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում:
Կարծիքներ