Ողբերգական դեպքը շաղախվել է սուտ տեղեկություններով և փորձ է արվում օգտագործել քաղաքական նպատակներով. Արմեն Խաչատրյան

«Ապարանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած հանցագործության հետևանքով կան մեկ զոհ և վիրավորներ։
Վստահ եմ, որ իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում հանցագործության դեպքի բոլոր համգամանքները կպարզվեն, և քրեական գործի տրամաբանական ընթացքը կավարտվի մեղավորների դատապարտմամբ»:
Այս մասին ֆեյսբության իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ շարունակելով.
«Խնդիրը կայանում է նրանում, որ այս ողբերգական դեպքը որոշ հայտնի լրատվամիջոցների կողմից շաղախվել է սուտ տեղեկություններով և փորձ է արվում օգտագործել քաղաքական նպատակներով։
Քաղաքական կապիտալ ստեղծելու ձախողումների և անորոշության մեջ գտնվող շրջանակներին այլ բան չի մնում, քան գրպանային «լրատվամիջոցներով» դաշտը լցնել ստով և բամբասանքով»։
Հիշեցնենք՝ Երեկ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան:
Տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է:
Որոշ լրատվամիջոցներ դեպքի մասին հրապարակումներում նշում են, որ կրակոցներ հնչել և վեճ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի հարազատների, Արագածոտնի փոխմարզպետի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կրակել են երիտասարդների վրա։ Այս տեղեկությունը հերքել են պատգամավորն ու ոստիկանությունը:
Կարծիքներ