Օլիմպիական խաղերն առանց երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով Ճապոնիայի տնտեսությունը 1,37 մլրդ դոլար կկորցնի․ NHK

Օլիմպիական խաղերն առանց երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով Ճապոնիայի տնտեսությունը 1,37 մլրդ դոլար կկորցնի․ NHK

Ճապոնիան Տոկիոյում Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերն առանց արտասահմանից երկրպագուների անցկացնելու որոշման պատճառով մոտ 150 մլրդ իեն (1,37 մլրդ դոլար) կկորցնի: Նման հաշվարկներ է արել NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով Nomura հետազոտական ինստիտուտի տնտեսագետների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ տվյալները հիմնված են ներքին շուկայի վերլուծության և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից սպառման մակարդակի վրա: Ամենաշատը կտուժեն հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը։

Լրացուցիչ տնտեսական կորուստներ կարող են առաջանալ, եթե Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշեն մրցումների ժամանակ սահմանափակել ճապոնացի հանդիսատեսի քանակը։

Օլիմպիադայի հետաձգման և կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների հետ կապված լրացուցիչ ծախսերի պատճառով խաղերի անցկացման բյուջեն աճել է և այժմ կազմում է 1,64 տրլն իեն (15,9 մլրդ դոլար):

Նախօրեին «Տոկիո-2020» կոմիտեն Միջազգային Օլիմպիական կոմիտեի և Միջազգային Պարալիմպիկ կոմիտեի հետ համաձայնեցրել է արտասահմանյան երկրպագուներին թույլ չտալ մասնակցել Օլիմպիադային: Տոմսերի գումարները կվերադարձվեն։ Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեին 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Սակայն համավարակի պատճառով մրցումները հետաձգվել են մեկ տարով և կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում