Ալիևը չի համաձայնելու Ղարաբաղի` բանակցությունների սեղան վերադարձին, կա միջանկյալ ուրիշ տարբերակ
Ադրբեջանի նախագահը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, իր խոսքով, ոչ հստակ հայտարարությունների և անարդյունք բանակցությունների համար։
«Երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ Ղարաբաղը Հայաստան է, ինչո՞ւ Մինսկի խումբը չի արձագանքում և չի հայտարարում, որ այդ արտահայտությունը ամբողջովին խախտում է բանակցությունների էությունը և դրանք փաստացի դարձնում անիմաստ»,- հարց է բարձրացրել Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերությունների հետ զրույցում։
«Եթե միջնորդներն ուզում են, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, պետք է խոսեն այս մասին»,- շարունակել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով. «Մենք չենք բանակցի հանուն բանակցությունների, մենք ուզում ենք, ըստ էության, բանակցություններ՝ առանց դրանց ձևաչափը փոխելու։ Այդ դեպքում մենք, անշուշտ, դրանց կմասնակցենք, հակառակ դեպքում՝ անիմաստ բանակցությունների կարիքը չենք տեսնում»։ Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ Ղարաբաղի վերադարձը բանակցությունների սեղան շատ հին պատմություն ունի, և երբևիցե Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցի շուրջ չի փոխվել։ «Ես պարզապես ուզում եմ մի փորք հետ գնալ և հիշեցնել, որ 1998-1999 թվականներից սկսած, Ղարաբաղն այլևս չէր մասնակցում բանակցություններին: Ինչո՞ւ դուրս մղվեց բանակցային գործընթացից, որովհետև հարցադրումն այսպիսին էր՝ կամ շարունակել բանակցությունները կամ ընդհատել, եթե հայկական կողմը պնդում է Ղարաբաղի մասնակցությունը: Ռոբերտ Քոչարյանն ընտրեց առաջին տարբերակը: Ընդհանրապես, Հայաստանն ավելի մեծ դիվանագիտական կապերի շրջանակ ունի միջազգային հանրությանը ներկայացնելու խնդիրը և գործիքակազմը Հայաստանի՝ որպես միջազգայնորեն ճանաչված պետություն մի քանի անգամ ավելի հզոր ու արդյունավետ է, քան այն հանգամանքը, եթե մենք վերացականորեն մտածենք, որ Ղարաբաղը մասնակցում է բանակցային գործընթացին: Բայց և միանշանակ ֆիքսենք՝ եթե Ղարաբաղը մասնակցի բանակցային գործընթացին, դա, իհարկե, շատ լավ է հայկական կողմի համար, միանգամից մեր դիրքորոշումը միջազգային ճանաչում է ստանում»: Միևնույն ժամանակ, Քեռյանն ընդգծեց՝ այդպիսով մենք կկարողանանք հակամարտությունը ներկայացնել ոչ թե որպես տարածքային վեճ, այլ որպես ինքնորոշման իրավունքի արտահայտում. «Եթե Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին, ապա ստացվում է, որ ինքնորոշվող կողմը մասնակցում է բանակցություններին իր ինքնորոշման հարցի շուրջ: Իհարկե, ամեն ինչ չէ, որ մեր կամքով է լինում: Մենք ստիպված ենք ընդունել միջազգային խաղի կանոնները: Հարցն այն է, եթե Ադրբեջանը նստի բանակցային սեղանի շուրջ, որտեղ որպես բանակցային կողմ կա նաև Ղարաբաղը՝ սա ինքնին նշանակում է հարցի լուծում: Ալիևը և նրա քաղաքական շրջապատը, ողջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ լավ հասկանում է սա: Եթե դու նստում ես մի սուբյեկտի հետ բանակցությունների՝ ուրեմն դու նրան արդեն ճանաչել ես, այստեղ էլ ինչի՞ շուրջ պետք է ընթանան բանակցությունները, գուցե սահմանների, գուցե ինքնորոշման ճանաչման ժամանակացույցի: Դրա համար ես համոզված եմ, որ Ադրբեջանը երբեք չի նստի բանակցությունների սեղանին, որտեղ կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչը՝ որպես չճանաչված պետական կազմավորման ներկայացուցիչ:
Իհարկե, հայկական կողմը բազմիցս տարբեր հարթակներից՝ թե՛ այժմ, թե՛ նախկինում հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն, եթե Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան, բայց, միաժամանակ, մենք պետք է հասկանանք, որ եթե Ադրբեջանը համաձայնեց հակամարտության կարգավորման շուրջ նստել մի սեղանին, որտեղ կա նաև ԼՂՀ ներկայացուցիչ՝ դա ինքնին նշանակում է հարցի լուծում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչում: Այս առումով՝ ոչ Ալիևն է հիմար, ոչ նրա շրջապատը»: Քաղաքագետի խոսքերով՝ հայկական դիվանագիտությունն այս պայմաններում պետք է մի փոքր նախաձեռնողական լինի ու ճկուն վերաբերմունք ցուցաբերի. «Օրինակ՝ բազմիցս են եղել առաջարկություններ, և ես էլ հարցազրույցների ժամանակ նշել եմ, որ կարելի է ընտրել նաև միջանկյալ տարբերակ: Այսինքն՝ բանակցությունների մի կողմն Ադրբեջանն է, մյուսը՝ հայկական կողմը, ու այդ հայկական կողմ կոչվող պատվիրակության կազմում կլինեն և Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները ու կստեղծեն միասնական հայկական ճակատ: Այսինքն՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությունն առանձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առանձին, այլ մի կողմում՝ Ադրբեջան, մյուսում՝ հայկական բանակցող կողմ: Գուցե և այս միջանկյալ առաջարկն ընդունվի, ու բանակցային այս մեռյալ կետը փորձենք առաջ տանել: Ինձ թվում է՝ ավելի լավ է նման առաջարկ քննարկենք, քան թե անընդհատ դոփենք նույն տեղում՝ հայտարարելով, որ մենք ուզում ենք Ղարաբաղը մասնակցի, Ադրբեջանն էլ դա մերժի, ու այդպես տարիներ շարունակ»:
Քեռյանի դիտարկմամբ՝ անհավանական է նաև այն տարբերակը, որ Ադրբեջանն առաջիկայում դուրս կգա բանակցային գործընթացից. «Անկեղծ ասած, ես դա ռեալ չեմ համարում, որովհետև և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հասկանում են, որ եթե իրենք դուրս են գալիս բանակցություններից, ապա այստեղ մնում է միայն երկկողմ տարբերակը: Այդպիսի փորձ կա, երբ Ռոբերտ Քոչարյանը Նախիջևանի սահմանին Ալիևի հետ հանդիպեց, հետագայում դա եղավ նաև Սերժ Սարգսյանի օրոք, հետո մի քանի այդպիսի շփում եղավ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի միջև: Բայց դա հարաբերական է, քանի որ այդպիսի հանդիպումներից հետո հաշվետվություն է ներկայացվում Մինսկի խմբին, այսինքն՝ դա այդպես մաքուր երկկողմ չէ: Իսկ Եթե Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ դուրս գան բանակցությունների միջազգային ֆորմատից, երկկողմն էլ չստացվի՝ այդ դեպքում շատ վատ իրավիճակ է ստեղծվում, մնում է միայն հակամարտության լուծման ռազմական ճանապարհը»:
Գարիկ Քեռյանն ընդգծեց՝ թեպետ շատ է խոսվում հակամարտության կարգավորման ռազմական սցենարի մասին, բայց չի նշվում դրա հետևանքների, վտանգների մասին. «Հայաստանն ու Ադրբեջանը, համեմատած մյուս պետությունների, միլիտարիզացված պետություններ են, կուտակել են մեծ քանակությամբ արդիական զենք, բնականաբար, այստեղ երկկողմանի ռազմական բախումը ավերիչ ու կործանարար է լինելու երկու երկրների ժողովուրդների համար, ու այստեղ չի լուծվելու ոչ միայն հակամարտությունը, լինելու են բազմաթիվ ծանր հետևանքներ: Իսկ եթե հարցին նայենք տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ենթատեքստով, ապա մենք տեսնում ենք, որ այդքան էլ ինքնուրույն չենք: Նկատի ունեմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող ինքնուրույն որոշում կայացնել, ասենք, ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ: Երբ ապրիլին բռնկվել էր պատերազմը, դա ձեռնտու չէր ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Իրանին, բավականին լուրջ ճնշում եղավ հատկապես Ռուսաստանի կողմից, և ընդամենը երկուսուկես օր հետո Խաչատուրովը ստիպված եղավ մեկնել Մոսկվա ու զինադադար կքնել, նույնը ստիպված էր անել նաև Ադրբեջանը: Այսինքն՝ այդպես ապրիորի պատկերացնել, թե Հայաստանն ու Ադրբեջանը դուրս են եկել բանակցային գործընթացից ու ռազմի դաշտում որոշում են հակամարտության ճակատագիրը՝ այդպես չէ: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն այսօր այդ կշիռն ունեցող պետությունները չեն, որ շրջանցեն Թուրքիայի, Իրանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության ու Ռուսաստանի կարծիքը: Այստեղ բոլոր կողմերը՝ չնայած իրար մեջ ունեցած լուրջ հակասությունների, գտնում են, որ ռազմական գործողությունների վերսկսում չպետք է լինի: Դա շատ լավ գիտակցում է նաև Ադրբեջանը, այդ պատճառով՝ սահմանային հրադադարի խախտումներից բացի, այլ քայլերի չի դիմում: Բացառություն էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, որն ավելի շատ ինքնագործունեության արդյունք էր, քան իրական ռազմաքաղաքական պլանի իրականացման գործիք»:
Կարծիքներ