Ձյուն, բուք, մերկասառույց. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով) Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհները:
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններից դեպի Բագրատաշեն ավտոճանապարհները փակ են միայն կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի բոլոր, Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների, Ալագյազ-Արթիկ, Ջաջուռ-Քեթի, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները:
Սյունիքի մարզի Գորիս-Տաթև և Կապան-Տաթև ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար անցանելի են միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Ջաջուռ-Քեթի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին բուք է, իսկ Վայոց ձոր մարզի լեռնային գոտիներում՝ ձնաբուք:
Սյունիքի, Լոռու, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում տեղում է ձյուն։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարծիքներ