Եվրոպայում գազի գինը պատմական ռեկորդ է սահմանել
Եվրոպայում գազի գինը արագացրել է աճն ու պատմության մեջ առաջին անգամ գերազանցել հազար խորանարդ մետրի դիմաց 3000 դոլարը։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով աճուրդի տվյալներին։
Մարտի 4-ի դրությամբ Եվրոպայում գազի արժեքը հազար խորանարդ մետրի դիմաց հասնում էր ավելի քան 2400 դոլարի։
Փետրվարի վերջին տարածաշրջանի երկրներն արդեն սպառել էին բոլոր այն ծավալները, որոնք ամռանը մղվում էին ստորգետնյա գազապահեստարաններ։
Գազի գինը բարձրացել է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, Ռուսաստանից մատակարարումների վերաբերյալ մտավախությունների ֆոնին:
Մարտի 3-ին Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) Եվրամիությանն առաջարկել էր ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ծրագիր։ Առաջարկվում էր տարվա ընթացքում ներմուծումը կրճատել ավելի քան 50 միլիարդ խորանարդ մետրով, այդ թվում՝ այլընտրանքային աղբյուրների որոնման, ատոմակայանների առավելագույն օգտագործման և այլընտրանքային էներգիայի դրույքաչափերի միջոցով։
Կարծիքներ