ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ մասնագետներ 2021» ծրագրին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ մասնագետներ 2021» ծրագրին, որի նպատակն է ընդլայնել կազմակերպության քարտուղարության աշխարհագրական ներկայացուցչությունը, ինչպես նաև համալրել անձնակազմը երիտասարդ մասնագետներով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՏՄՍ նախարարությունից:
Թեկնածուների ընտրությունն իրականացվելու է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մարմնի կողմից: Ազգային հանձնաժողովը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտարկմանը կներկայացնի նամակում նշված բոլոր չափորոշիչներին համապատասխանող առավելագույնը 15 բարձր որակավորում ունեցող մասնագետների թեկնածություններ: Ներկայացված թեկնածուների ընտրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կիրականացնի երեք փուլով`
- հայտաձևի առցանց լրացում,
- տեսահարցազրույց,
- եզրափակիչ հարցազրույց առաջին երկու փուլերն անցած թեկնածուների հետ:
Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն անգլերենին կամ ֆրանսերենին` միևնույն ժամանակ ունենալով դրանցից մյուսի բավարար իմացություն:
Ընտրված թեկնածուների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկնքի ժամանակավոր աշխատանքային պայմանագիր, որը նրանց հնարավորություն կընձեռի P1/P2 կարգավիճակով աշխատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: Պայմանագիրը կերկարաձգվի՝ հաշվի առնելով 9 ամիս տևած փորձաշրջանի գնահատումը:
Շահագրգիռ կողմերը մինչև ս.թ. օգոստոսի 1-ը պետք է ՀՀ ԱԳՆ տրամադրեն հնարավոր թեկնածուների հետևյալ փաստաթղթերը.
- անձնագրի պատճեն,
- բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճեն,
- անգլերենի կամ ֆրանսերենի իմացության վկայականի պատճեն,
- կենսագրական և կոնտակտային տվյալներ (CV) անգլերենով կամ ֆրանսերենով,
- նպատակների հիմնավորման նամակ (motivation letter) անգլերենով կամ ֆրանսերենով:
Կարծիքներ