Սևանա լճի ավազանի հիդրոօդերևութաբանական պայմանները 2021թ. հունիսից 2022թ. հունվար ժամանակահատվածի համար

Սևանա լճի ավազանի հիդրոօդերևութաբանական պայմանները 2021թ. հունիսից 2022թ. հունվար ժամանակահատվածի համար

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճի ավազանի հիդրոօդերևութաբանական պայմանները 2021 թվականի հունիսից 2022 թվականի հունվար ժամանակահատվածի համար:

 

«2021 թվականի հունիս ամսին Սևանա լճի ավազանի ողջ տարածքում դիտվել է խիստ չոր եղանակային պայմաններ, տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 2-20 %-ը, իսկ Վարդենիսի հատվածում ողջ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 5-6 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։

 

Հուլիսին և օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը շարունակել է նորմայից բարձր մնալ 1-2 աստիճանով, տեղումների քանակը որոշակիորեն աճել է, հուլիսին կազմելով նորմայի 70-120%-ը, իսկ օգոստոսին նորմայի 54-117 %-ը։

Սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը հիմնականում նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով, հոկտեմբերին այն եղել է նորմայի սահմաններում։ Տեղումների քանակը երեք ամիսներին էլ Սևանի ավազանի գերակշռող մասում նորմայից ցածր է եղել, կազմելով նորմայի 50-80 %-ը։

 

Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով, տեղումների քանակը կազմել է նորմայի 15-60 %-ը՝ բացառությամբ Սևանի հատվածի, որտեղ այն կազմել է նորմայի 140%-ը։

 

2022 թվականի հունվարի օդի ամսական միջին ջերմաստիճանը տատանվել է -5․․․-7 աստիճանի սահմաններում, որը կլիմայական նորմայի սահմաններում է։ Տեղումների քանակը Ճամբարակի և Շորժայի հատվածում կազմել է նորմայի 25-38 %-ը, Մարտունիի, Սեմյոնովկայի և Գավառի հատվածում՝ նորմայի 70-75 %-ը, իսկ մնացած հատվածներում կազմել է նորմայի սահմաններում։


Նախորդ տարի հունվարին տեղումների քանակը գրեթե կրկնակի ավել է եղել այս տարվա հունվարի տեղումներից (կազմել է նորմայի 110-180 %-ը), որի արդյունքում լճի մակարդակը 2021 թվականի հունվարին մնացել է անփոփոխ, իսկ 2022 թվականին իջել է 4 սմ-ով։ Ընդհանուր առմամբ, եթե ամփոփենք վերջին 8 ամիսների տվյալները, ապա այդ ժամանակահատվածում Սևանի ավազանում դիտվել է բավականին չոր և նորմայից բարձր ջերմային ֆոնով եղանակակլիմայական պայմաններ։

 

Սևանա լճի մակարդակը 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1900.52 մ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է եղել 9 սմ-ով։ 2021 թվականի ընթացքում լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.91 մ, որը դիտվել է հունիսի 4-8-ին։ Տարեվերջին՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, լճի մակարդակը կազմել է 1900.43 մ, որը հունվարի 1-ի մակարդակից ցածր է եղել 9 սմ-ով, իսկ տարեկան առավելագույն մակարդակից՝ 48 սմ-ով։

 

2021 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրապետությունում հաստատված անոմալ եղանակային պայմանները Սևանա լճի վրա ունեցան բացասական ազդեցություն։ Մասնավորապես՝ հունիս ամսին բարձր ջերմաստիճանով պայմանավորված, Սևանա լճի ջրային հաշվեկշռի ելքի բաղադրիչներից ամսական գոլորշացումը գերազանցել է այդ ամսվա պատմական առավելագույնը՝ կազմելով 153.7 մլն.խոր.մ, որը համարժեք է լճի ջրի մակարդակի մոտ 12 սմ հաստությամբ շերտի, իսկ լճի մակերևույթին թափված տեղումները կազմել են 4.80 մլն.խոր.մ, որն այդ ամսվա պատմական նվազագույն արժեքից մոտ 4.3 անգամ փոքր է եղել, գետային ներհոսքը լիճ կազմել է ամսական նորմայի՝ 44 %-ը։

 

Բացի դա, նման եղանակային պայմաններում Սևանա լճից ջրառը նախատեսված ժամկետից ավելի վաղ է սկսվել, սովորաբար ջրառը լճից իրականացվում է հունիսի 2-րդ տասնօրյակից, իսկ 2021 թվականին սկսվեց մայիսի 25-ից և շարունակվեց մինչև սեպտեմբերի 28-ը։

 

Հունիս ամսին դիտված անոմալ եղանակային պայմաններով պայմանավորված՝ 2021 թվականի հունիսի 8-ից սկսած լճի մակարդակը ինտենսիվ կերպով իջել է, ընդ որում հարկ է նշել, որ հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը միջինում բարձրանում է 8 սմ-ով, ապա 2021թ-ի հունիսին լճի մակարդակը իջել է 10 սմ-ով:

 

2021 թվականի հունիս-դեկտեմբեր ժամանակահատվածում գետերով Սևանա լիճ ներհոսքը կազմել է 237.5 մլն.խոր.մ, որը կազմում է նորմայի 72 %-ը, լճի մակերևույթի վրա թափված տեղումների քանակը կազմել է 173.9 մլն.խոր.մ (նորմայի 62 %-ը)։ Լճի մակերևույթից գոլորշացումը հունիս-դեկտեմբեր ժամանակահատվածում կազմել է 953.4 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 110 %-ը:

 

Սևանա լճից բաց թողնված ջրի քանակը 2021 թվականի ընթացքում կազմել է 227.651 մլն խոր.մ (25.05.2021-28.09.2021թ.), իսկ Արփա-Սևան ջրատար թունելով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալը (այդ թվում ստորերկրյա ներհոսքը) կազմել է 157.447 մլն խոր.մ (31.12.2021թ.)»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում