Ավելի քան 43 000 դոլար. բիթքոինի փոխարժեքը նոր պատմական ռեկորդ է գրանցել Tesla-ի կողմից 1,5 մլրդ դոլար ներդրումից հետո
Բիթքոինի փոխարժեքն առևտրային աճուրդի ժամանակ աճել է 11.8 տոկոսով՝ հասնելով 43 800 դոլարի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով CoinDesk պորտալի տվյալները 17:00-ի դրությամբ:
Այսպիսով, ամենահայտնի թվային արժույթը նոր պատմական ռեկորդ է գրանցել: Այսօր ավելի վաղ բիթքոինի փոխարժեքն արդեն գերազանցել էր 42 000 դոլարը:
Թվային արժույթի գործակիցներն աճում են ամերիկյան Tesla ընկերության կողմից 1,5 մլրդ ներդրում ստանալու մասին լուրի ֆոնին: Ներդրման մասին ասվում է մեքենաշինական ընկերության հաշվետվության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի:
«Մենք ընդհանուր առմամբ 1,5 մլրդ դոլար ենք ներդրել և կարող ենք թվային ակտիվներ ձեռք բերել և պահել ժամանակավորապես կամ երկար ժամանակով: Մենք ծրագրում ենք մոտ ապագայում սկսել բիթքոինն օգտագործել որպես վճարման ձև մեր արտադրանքների համար» ,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Բիթքոինը նույնանուն թվային արժույթի ապակենտրոնացված համակարգ է, որն աշխատում է բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա: Թվային արժույթը կարող է «արդյունահանել» համակարգի ցանկացած օգտատեր:
Կարծիքներ