Հայտնի է Էրդողանի`Իրան կատարելիք այցի օրակարգը

Հայտնի է Էրդողանի`Իրան կատարելիք այցի օրակարգը

Հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հուլիսի 19-ին Իրան կատարելիք այցի օրակարգը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Sabah-ը:

Տեղեկության համաձայն՝ Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու Էրդողանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը, որից հետո նախատեսվում է նաև փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Ըստ թուրքական մամուլում տարածված տեղեկությունների՝ հանդիպման օրակարգում ընդգրկված հիմնական հարցերն են.

 Առևտրային միջանցք Թուրքիայի, Իրանի և ԱՄԷ-ի միջև

Ակնկալվում է, որ Թուրքիայի և Իրանի միջև ստորագրվելիք փոխըմբռնման հուշագրում կներառվի նաև Թուրքիայի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրային միջանցքի հետ կապված գործընթացը։ Ծովային ճանապարհով բեռները ԱՄԷ-ից Իրանի տարածքով հասնում են Թուրքիայի Իսքենդերուն նավահանգիստ:

 

Ահաբեկչություն, միգրացիա, մաքսանենգություն

Կողմերը քննարկելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են  անվտանգության խնդիրները, ահաբեկչությունը, ներգաղթը և մաքսանենգությունը:

 

Էներգետիկ ճգնաժամ և Հարավային Կովկաս

Ըստ թուրքական թերթի՝ Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո էներգետիկ ճգնաժամը և Հարավային Կովկասի կայունության համար ստեղծված 3+3 ձևաչափի հետ կապված հարցերը նույնպես այցի օրակարգում են:

 

Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում   պլանավորվող ռազմական գործողություններ

Ենթադրվում է, որ Իրան կատարած այցի շրջանակներում հանգամանորեն անդրադարձ կկատարվի նաև Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ծրագրվող նոր ռազմական գործողություններին, որոնք ուղղված են պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված ուժերի զինյալների դեմ:

 

Նախորդ շաբաթ Անկարա այցելած Իրանի արտգործնախարար Հուսեյն Էմիր Աբդուլլահիանը ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում գնահատականներ էր հնչեցրել Սիրիայում Թուրքիայի հնարավոր գործողության վերաբերյալ։

«Մենք շատ լավ հասկանում ենք Թուրքիայի անվտանգության մտահոգությունն այս հարցում։ Մենք նաև հասկանում ենք, որ այն օրակարգ է բերել հատուկ գործողություն։ Մենք նաև մանրամասն հետաքննություններ և զրույցներ ենք ունեցել իմ հարգարժան գործընկեր Չավուշօղլուի հետ։ Մենք կարծում ենք, որ թուրքական կողմի և մեր թուրք ընկերների անվտանգության մտահոգությունները պետք է անհապաղ և ընդմիշտ փարատվեն»,- ասել էր Իրանի արտգործնախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում