«Ապստամբությունը խեղդվել է բնում»․ Հորդանանի թագավորը` նախկին թագաժառանգի ենթադրյալ դավադիր գործողությունների մասին
Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդն առաջին անգամ անդրադարձ է կատարել թագավորական ընտանիքում առկա պառակտմանը և նշել, որ «ապստամբությունը», որը նրանց «ցավ և զայրույթ» է պատճառել «թաղված» է, հայտնում է արաբական Al Jazeera լրատվականը։
Թագավորն անդրադարձել է վերջին տասնամյակներում Հորդանանի քաղաքական վատթարագույն ճգնաժամին՝ ենթադրյալ դավադրության վերաբերյալ, որում ներգրավված էր նրա խորթ եղբայր, նախկին թագաժառանգ արքայազն Համզան:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ ապստամբությունը խեղդվել է բնում։ Մեր պատմության ընթացքում մենք վերացրել ենք այն բոլոր թիրախները, որոնք փորձել են խարխլել հայրենիքը և փորձություններից միշտ ավելի ուժեղ և համախմբված ենք դուրս եկել։ Այս վերջին օրերի մարտահրավերն ամենավտանգավորը չէր երկրի կայունության համար, սակայն ամենացավոտն էր ինձ համար», - ասել է Աբդուլլահ 2-րդը և հավելել, որ արքայազն Համզան իր ընտանիքի հետ գտնվում է պալատում՝ իր հովանու ներքո։
Թագավորը նշել է․ «Նա պարտավորություն է ստանձնել Հաշեմյան ընտանիքի առջև՝ հավատարիմ մնալու իր նախնիների անցած ուղուն և ուղերձին, ինչպես նաև Հորդանանի շահերը, Սահմանադրությունը և օրենքները վեր դասել ամեն ինչից»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Հորդանանի նախկին թագաժառանգ արքայազն Համզան տնային կալանքի տակ էր գտնվում թագավորությունում «անվտանգության և կայունության» դեմ ուղղված գործողությունների մեղադրանքով։ Հորդանանի փոխվարչապետ Այման Սաֆադն ասել էր, որ արքայազնն օտարերկրյա ուժերի հետ երկիրն ապակայունացնելուն ուղղված «չարամիտ դավադրության» մաս է կազմում։
Հորդանանի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ` դավադրության գործով ձերբակալվել է 14-ից 16 մարդ՝ այդ թվում ֆինանսների նախկին նախարար Բասեմ Իբրահիմ Աուադալլահն ու թագավորական ընտանիքի անդամ Շարիֆ Հասան բեն Զաեդը: Միևնույն ժամանակ, բանակի հրամանատարությունը հերքել է նախկին թագաժառանգ արքայազն Համզայի ձերբակալման մասին տեղեկությունը:
Համզան, որին Աբդուլլահ 2-րդը զրկել է թագաժառանգի տիտղոսից 2004 թվականին, մեղադրել է Հորդանանի ղեկավարությանը կոռուպցիայի, նեպոտիզմի և ավտորիտար կառավարման համար: Շաբաթ օրը BBC-ին ուղղարկած տեսանյութ արքայազնն ասել էր․ «Ոչ ոք ի վիճակի չէ որևէ բանի մասին խոսել կամ կարծիք հայտնել՝ առանց բռնության, ձերբակալման, հետապնդումների և սպառնալիքների ենթարկվելու»։
Այս միջադեպից հետո արքայազն Համզան արժանացել է զգալի թվով հորդանանցիների համակրանքին, որոնք կարծում են, որ այժմ արքայազնին վարկաբեկելու արշավ է սկսվել։
Երեկ նախկին թագաժառանգ Համզան ստորագրել է նամակ, որով խոստացել է հավատարիմ մնալ իշխող Հաշեմյան միապետական ընտանիքի ավանդույթներին և մոտեցումներին։ Նամակը հաջորդել է թագավոր Աբդուլլահ 2-րդի կողմից՝ ընտանիքում առկա տարաձայնությունները վերացնելու վերաբերյալ միջնորդությանը համաձայնություն տալուն, ինչպես նաև արքայազն Հասանի և թագավորական ընտանիքի այլ բարձրաստիճան անդամների հետ հանդիպմանը։
Համզան Հորդանանի ներկայիս Աբդուլլահ Առաջին թագավորի կրտսեր խորթ եղբայրն է և նախկին թագավոր Ալ Հուսսեյն Առաջինի և նրա 4-րդ կնոջ՝ Նուր թագուհու առաջնեկը։ 2004 թվականին, գահ բարձրանալուց 5 տարի անց, Աբդուլլահ թագավորը արքայազն Համզային զրկել է «թագաժառանգ» տիտղոսից՝ նշելով, որ այն համադրելի չէ իր ստանձնելիք պաշտոնների հետ։ Երկուսի միջև հարաբերություններում ոչ մի բացահայտ մրցակցություն առ այսօր չի եղել։
Հիշեցնենք, որ սա Թագավորությունում հազվագյուտ միջադեպ է։ Հորդանանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցն է և տարիներ ի վեր ամենակայուն պետությունը։
Կարծիքներ