Միջազգային վճռական քայլերն առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման հարցում. Միրզոյան

Միջազգային վճռական քայլերն առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման հարցում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «X»-ի իր միկրոբլոգում գրառում է արել «Մեծ յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մասին:

«Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ մենք ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերն ու բոլոր ներգրավված կողմերի հստակ հրապարակային պարտավորություններն առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում` համաձայն Գրանադայի հայտարարության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների ապահովման համար: Հայաստանը նման պարտավորություն ունի»,- գրել է Միրզոյանը:

Հիշեցնենք՝ G7-ի երկրներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով։ Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքներով G7-ի երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում՝ ԼՂ-ին առնչվող հատվածում, ասված է․

«Մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից ռազմական գործողության իրականացումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներից։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել իր պարտավորությունները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում և ողջունում ենք ստիպողաբար իրենց տներից հեռացած մարդկանց հումանիտար կարիքների անհապաղ բավարարման ջանքերը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում