Դուք գնացել, մտել եք Հակոբ Արշակյանի կնոջ սուպի մեջ, ինչո՞ւ ձեր դիմումը հետ չեք վերցնում. վարչապետը՝ լրագրողին

Դուք գնացել, մտել եք Հակոբ Արշակյանի կնոջ սուպի մեջ, ինչո՞ւ ձեր դիմումը հետ չեք վերցնում. վարչապետը՝ լրագրողին

«Իմ որդին օրենքով սահմանված իր բոլոր քրեադատավարական գործառույթները կատարել է. քննիչի հարցերին պատասխանել է, դատաբժշկական փորձաքննության գնացել է, առերեսման գնացել է: Ես իմ որդուն առնչվող քրեական գործի ընթացքից ընդհանրապես տեղյակ չեմ: Գործի մասին միակ աղբյուրը, որից ես տեղեկացել եմ, իմ որդին է»:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի՝ Աշոտ Փաշինյանի առևանգման մասին հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողը հարց էր ուղղել՝ դիտե՞լ է վարչապետը իր որդու՝ իրեն առևանգելու համար մեղադրվող կնոջ ավտոմեքենան նստելու տեսանյութը:

Փաշինյանը հայտնեց, որ չի տեսել տեսանյութը, որում երևում են մեքենան նստելու և մյուս կադրերը: Լրագրողի դիտարկմանը՝ կարո՞ղ է հենց այդ պահին դիտել տեսանյութը և հորդորել իր որդուն դիմումը հետ վերցնել, վարչապետը պատասխանեց.

«Կարող եմ դիտել տեսանյութը, բայց չեմ կարող հորդորել դիմումը հետ վերցնել: Դուք հիմա լո՞ւրջ եք էդ հարցը բարձրացնում. եթե չկա հանցակազմ, թող գործը կարճեն, եթե կա հանցակազմ, թող գործն ուղարկեն դատարան, դատարանն էլ որոշումը կայացնի: Ո՞նց եք պատկերացնում ձեր ասածը, ուզում եք գործը տեղափոխել տղայական հարթությո՞ւն էլի: Ի՞նչ տղայավարիի մասին է խոսքը, սա պետություն է: Մենք պետք է էմոցիոնալ ժողովրդից տեղափոխվենք օրինապաշտ ժողովրդի: Բա փոխգնդապետի գլխին շշով խփեն, ասենք՝ լավ, եկեք ներենք կամ դիմումը հետ վերցնենք, մի ձև գտնենք կարճենք, օրինակ՝ զղջման հիմքով: Էնպես չի, որ նախորդ դեպքում գործն ապօրինի է կարճվել, զղջումը հիմք է կարճելու համար: Մարդ առևանգեն... էդ մարդիկ չէի՞ն խոսում մանկապարտեզ գրավելու համար, հետո էլ գնալու եք էդ մանկապարտեզի ծնողներին ասե՞ք՝ դիմումը հետ վերցրեք:

Դուք ձեր դիմումը հետ վերցրե՞լ եք»,- հարց ուղղեց լրագրողին ՀՀ վարչապետը:

Ստանալով բացասական պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կոչ է անում դիմումը հետ չվերցնել, բայց երբ ինքը դիմումը հետ կվերցնի, այդ ժամանակ կկարողանա հորդորել այլ մարդկանց դիմումը հետ վերցնել:

«Տեսանյութում երևում է, որ դուք գնացել մտել եք Հակոբ Արշակյանի կնոջ սուպի մեջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Լրագրող Փայլակ Ֆահրադյանը 2021 թվականի մարտի 18-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ «սրճարանում իր վրա է հարձակվել նախարար Հակոբ Արշակյանը»: Դատախազությունը գործն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն:

Արշակյանը միջադեպի պատճառով, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել էր:

Հակոբ Արշակյանը միջադեպից հետո պարզաբանմամբ էր հանդես եկել՝ նշելով, որ ներողություն է խնդրում միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում