Լողափի տարածքն ազատվել է բացառապես չիչխանի մացառներից և մանր թփերից. ՇՄ նախարարության պարզաբանումը
Ի պատասխան համացանցում տարածված «Սևան» ազգային պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար անտառ են ոչնչացրել» վերտառությամբ գրառման ՇՄ նախարարությունից պարզաբանել են.
2022 թվականի մայիսի 19-ին, ի թիվս այլ լողափերի, հանրային N5 լողափում ջրային հանգիստ կազմակերպելու, բարեկարգում և սպասարկում իրականացնելու համար հայտարարվել էր մրցույթ:
Հունիսի 9-ին հանձնաժողովի կողմից դիտարկվել են ներկայացված հայտերը, և հաղթող է ճանաչվել ներդրումային ծրագրերից մեկը:
Լողափը գտնվում է Սևան համայնքի, Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում (1,37 հա):
Լողափը դեպի Գավառ ուղղությամբ օգտագործվում է այլ վարձակալների կողմից:
Նախքան բարեկարգման աշխատանքների մեկնարկը «Սևան» ազգային պարկի կողմից իրականացվել են ուսումնասիրման աշխատանքներ և գույքագրում:
Լողափնյա գոտին 1905 նիշից ներքև է, և տարածքում անտառաշերտի մաքրման աշխատանքները կարգավորվում են օրենսդրության համաձայն:
Տարածքը ազատվել է բացառապես չիչխանի մացառներից և մանր թփերից, որևէ ծառ չի հատվել:
Մաքրման աշխատանքներն իրականացրել են «Սևան» ազգային պարկի մասնագետների կողմից:
Տեղեկացնենք նաև, որ սոցիալական ցանցերում պարբերաբար ապատեղեկատվություն և տարբեր շահարկումներ են հայտնվում հանրային լողափերի սպասարկման իրականացման վերաբերյալ:
Մեր քաղաքացիներին անհարկի շահարկումներից զերծ պահելու նպատակով տեղեկացնենք, որ գործընթացը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում, ներդրումային ծրագրերին ներկայացվում են խիստ պահանջներ, և ամեն բան արվում է ջրափնյա հանգիստը պատշաճ և բոլոր չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու համար:
Կարծիքներ