«Եռաբլուր»-ից մետաղյա խողովակներ են գողացել. երեք անձի մեղադրանք է ներկայացվել
ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի տարածքից 2023 թ. նոյեմբերին 15-ին ժամը 09:30-ի սահմաններում կատարվել է գողություն. պանթեոնից գողացել են 14 հատ 100 մմ տրամաչափ 4 մետր երկարությամբ խողովակներ, որոնք նախորդ օրը ապամոնտաժվել էին բարեկարգման և սպասարկման բաժնի բանվորների կողմից՝ ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի պահեստում պահելու և հետագայում ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչություն հանձնելու նպատակով։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը Երևան քաղաքի 48-ամյա բնակիչ է, մյուսը՝ Արարատի մարզի 38-ամյա բնակիչ, իսկ երրորդը, ով 51 տարեկան է, բնակության վայր և հաշվառում չունի:
Կատարված դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ զինվորական պանթեոնի հետնամասի տարածքում՝ բլուրի վրա, կատարվել են խողովակների ապամոնտաժման աշխատանքներ, խողովակները կտրվել և իջեցվել են ճանապարհին մոտ, որպեսզի հետագայում տեղափոխվեն պահեստ:
Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը նախապես խոստացել է իրացնել գողացված խողովակները, ինչից հետո 51-ամյա տղամարդը և Արարատի բնակիչը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են խողովակները, որից հետո 40.000 ՀՀ դրամով վաճառել են Երևան քաղաքի մեկ այլ բնակչի:
Վարույթի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության վայրում, որի արդյունքում գողոնը հայտնաբերվել է:
Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել են հանցագործության այլ դրվագներ ևս:
Մասնավորապես՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալված Երևանի 48-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8.5 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, 0.50 գրամ և և 1.65 գրամ քաշով տարբեր փաթեթավորմամբ դեղնականաչավուն զանգվածներ, 0.34 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին»-ի նմանվող զանգված, մեկ հատ ապակե գլան՝ հարմարեցված ծխելու համար, երկու թղթե գլան, որից մեկը՝ 0.32, մյուսը՝ 0.68 գրամ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ վերջինս դեռևս չպարզված հանգամանքերում և չափերով, տարբեր ժամանակահատվածներում, տարբեր գումարների դիմաց, Արարատի մարզի վերոհիշյալ բնակչին ապօրինի իրացրել է «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նույն օրը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:
Նախաքննության ընթացքում, հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի 48-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արարատի մարզի 38-ամյա բնակչին և 51-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կարծիքներ