Բուլղարիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ռումեն Ռադևին
Սեպտեմբերի 23-ին Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Եդիգարյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ռումեն Ռադևին (Rumen Radev):
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահ Ռադևը, ջերմորեն շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Բուլղարիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման գործում:
Նախագահ Ռադևը մեծ դրվատանքով ներկայացրել է հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, բարեկամական ու եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով հայ համայնքի դրական ներգրավվածությունն ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններում:
Դեսպան Եդիգարյանը, իր հերթին, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի հայ-բուլղարական ջերմ հարաբերություններն առավել խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ:
Նա բուլղարական կողմին ներկայացրել է նաև թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:
Կարծիքներ