Իսրայելի բանակի հետախուզության ղեկավարը պաշտոնաթող է եղել հոկտեմբերի 7-ի իրադարձությունների պատճառով

Իսրայելի բանակի հետախուզության ղեկավարը պաշտոնաթող է եղել հոկտեմբերի 7-ի իրադարձությունների պատճառով

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետ գեներալ-մայոր Ահարոն Հալիվան հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԻՊԲ մամուլի ծառայությունը։

Գեներալն իր որոշման մասին տեղեկացրել է ԻՊԲ գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևիին։

«Գլխավոր շտաբի պետի հետ համաձայնությամբ և պաշտպանության նախարարի հավանությամբ որոշվել է, որ գեներալ-մայոր Ահարոն Հալիվան կթողնի իր պաշտոնը և կհեռանա Իսրայելի պաշտպանության բանակից, հենց նրան փոխարինող նշանակվի»,- ասվում է մամուլի տեղեկագրում։

Հալիվան իր հրաժարականը բացատրել է 2023 թ. հոկտեմբերի 7-ի իրադարձությունների համար իր պատասխանատվությամբ։

Ynet հարթակը նշում է, որ ռազմական հետախուզության ղեկավարն այս որոշումը կայացրել է դեռ Գազայի հատվածում իրականացվող գործողության վաղ փուլում, սակայն այն հետաձգել է մինչև մարտական գործողությունների ակտիվ փուլի ավարտը։

2023 թ․ հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում զոհվել է շուրջ 1200 մարդ, ավելի քան 5000-ը վիրավորվել է, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Հարյուրից ավելի մարդ մինչև այժմ պատանդ է պահվում ՀԱՄԱՍ-ի կողմից։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 34 000-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում