Լավրովը Բաքվում քննարկելու է եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման ընթացքը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա տեղեկացրել է, որ Բաքվում ակնկալվում են Լավրովի հանդիպումներն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ակնկալվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը՝ համաձայն փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների»,- հայտնել է Զախարովան:
Նա նշել է նաև, որ նախարարները քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային ակտուալ հարցեր, հատուկ ուշադրություն է հատկացվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին:
Կարծիքներ