Հնդկաստանում թռչնագրիպից մարդու մահվան առաջին դեպքն են արձանագրել

Հնդկաստանում թռչնագրիպից մարդու մահվան առաջին դեպքն են արձանագրել

Հնդկաստանում թռչնագրիպից մարդու մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Ինչպես հաղորդում է The Times of India թերթը, վկայակոչելով բժշկական գիտությունների Համաինդիական ինստիտուտի (All India Institute of Medical Sciences, AIIMS) աղբյուրները, հիվանդության զոհ է դարձել 11-ամյա երեխա:

Պարբերականի տեղեկություններով՝ երեխան ինստիտուտ է տեղափոխվել հուլիսի 2-ին՝ բարձր ջերմությամբ և հազով։

Ներկայումս փորձում են գտնել այն մարդկանց, որոնք շփում են ունեցել տղայի հետ։

Վերջին 15 տարիների ընթացքում Հնդկաստանը վերապրել է թռչնագրիպի կրկնվող բռնկումներ, սակայն առայժմ երկրում պաշտոնապես մարդու մահվան դեպքեր չեն գրանցվել այդ հիվանդության պատճառով։ Հանրային առողջապահության մասնագետներն անհանգստացած են այս իրավիճակով, նշում են թերթի աղբյուրները։

Թռչնագրիպը տարածված է փետրավորների մոտ, բայց երբեմն փոխանցվում է նաև մարդուն: Սա շնչառական հիվանդություն է և ունի սովորական մրսածությանը բնորոշ ախտանիշներ: Աշխարհում գրանցվել են այդ վարակից մարդկանց մահվան բազմաթիվ դեպքեր։ Ռիսկի խմբում են երեխաները և տարեցները, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք:

Այս տարվա հունվարին Հնդկաստանում թռչնագրիպի հզոր բռնկում է գրանցվել փետրավորների շրջանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում