Կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

Կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է Արցախի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը: Ս. թ. փետրվարի 3-ին փոխվարչապետի և քաշաթաղցիների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքային խմբի նիստին հրավիրված էին նաև քաշաթաղցիների ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է արցախցիներին ուղղված կառավարության կողմից վերջերս հաստատված նոր աջակցության ծրագրերի բովանդակությունը, այնուհետև խոսքը փոխանցել քաշաթաղցիներին, ովքեր ներկայացրել են տեղահանման հետևանքով իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները:

Աշխատանքային խմբի նիստի մասնակիցները քննարկել են, մասնավորապես, տեղահանված անձանց բնակարանային խնդրի լուծման տարբերակները, անդրադարձել վերաբնակեցման վայրերում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար նախատեսված գյուղական նշանակության հողերի առկայության կարևորությանը:

Քննարկման առարկա է դարձել նաև աջակցության ծրագրերից օգտվելու ընթացքում առաջացած խոչընդոտները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Նիստի արդյունքներով համապատասխան հանձնարարականներ են տրվել պատասխանատու գերատեսչություններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում