Դիրքային բարելավումներ միշտ եղել են, բայց դա մենք արել ենք լուռ. Սերժ Սարգսյան
Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ որևէ կերպ չի կարելի համեմատել ապրիլյան քառօրյան և տավուշյան իրադարձությունները:
«Տավուշում մեր զինված ուժերն իրենց լավագույնս դրսևորեցին, սա պետք է գնահատել և շնորհավորել, բայց նույնը պետք է լիներ նաև Նախիջևանում արվող գործողությունների ժամանակ: Ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում և ես, հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե որ սխրագործության համար են 71 հոգին պարգևատրվել մարտական խաչ շքանշաններով, դա շատ կարևոր հանգամանք է: Մի բան է լայնածավալ ռազմական գործողությունները, որ մղվում էին 200 կմ-ից ավելին հատվածում, մեկ այլ բան է մարտական բախումը, որ տեղի է ունենում մի քանի մետր հատվածում, սրանք բոլորովին տարբեր բաներ են, բայց նորից եմ կրկնում, ես շատ ուրախ եմ, որ հերթական անգամ մեր զինված ուժերը իրենց ցուցաբերեցին լավագույնս: Գոնե հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ մեր զինված ուժերը մարտունակ չեն»,-նշեց Սարգսյանը:
Անդրադառնալով տավուշյան գործողությունների ժամանակ մեր ունեցած դիրքային բարելավումներին, Սերժ Սարգսյանը նշեց, որ դիրքային բարելավումների կամ կորուստների գործընթացը 1994 թվականի հրադադարից հետո երբեք կանգ չի առել:
«Մինչև ապրիլյան պատերազմը բազմաթիվ տեղերում մենք ունեցել ենք բազմաթիվ բարելավումներ, ուղղակի մենք դա արել ենք լուռ, առանց աղմուկի: Ես հիմա իրավունք չունեմ ասելու թե ինչքան, բայց հավաստիացնում եմ, որ մենք շատ լուրջ բարելավումներ ենք ունեցել: Խորապես համոզված եմ, որ բոլոր այն պնդումները, թե իբր մենք իմացել ենք հարձակման մասին, հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր հնարավորություն չեն ունենցել ամբողջական ծանոթանալ այդ և դրան նախորդող ժամանակաշրջանի հետախուզության կողմից տրված տեղեկություններին: Մենք նախապես չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն»:
Կարծիքներ