Գերմանիայում օդի ջերմաստիճանը մեկ շաբաթում բարձրացել է ավելի քան 40 աստիճանով՝ գերազանցելով 1880-ի ռեկորդը
Գերմանիայում վերջին մեկ շաբաթում օդի ջերմաստիճանի ռեկորդային աճ է գրանցվել. երկրի մի շարք շրջաններում ջերմաստիճանային տատանումները կազմել են ավելի քան 40 աստիճան: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի օդերևութաբանական ծառայությանը:
Փորձագետները նշել են, որ Ներքին Սաքսոնիա դաշնային հողի Գյոթինգեն քաղաքում փետրվարի 14-ին օդի ջերմաստիճանը հասել էր 23,8 աստիճան ցրտի՝ ըստ Ցելսիուսի, իսկ փետրվարի 21-ին գրանցվել է 18,1 աստիճան տաքություն:
Այսինքն՝ մեկ շաբաթում նկատվել է 41,9 աստիճանի տարբերություն, որը ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ նման ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր 1880 թվականի մայիսին, երբ 7 օրվա ընթացքում ջերմաստիճանը բարձրացել էր 41 աստիճանով:
Բեռլինում օդի ջերմաստիճանը երեքշաբթի բարձրացել է մինչև 18 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի: Մինչդեռ մեկ շաբաթ առաջ գերմանական մայրաքաղաքում ձյուն էր դրած:
Կարծիքներ