ՀՀ ԲՏԱ նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են ոլորտում երկու երկրների համագործակցությունը

ՀՀ ԲՏԱ նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են ոլորտում երկու երկրների համագործակցությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին:

Դեսպան Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ կաշխատի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում առկա հարաբերությունների զարգացմանը: Դեսպանն անդրադարձել է Ամազոն Վեբ Սերվիսի (AWS) հետ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում SADA-ի հետ ստորագրված Համագործակցության հուշագրին, համոզմունք հայտնել, որ հուշագրերի կնքումը հիմք կծառայի ավելի սերտ և արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, ստարտափ էկոհամակարգի զարգացման, 5G ցանցի, ոլորտային ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված, ինչպես նաև կրթական, գիտահետազոտական ծրագրերի իրականացման ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  ոլորտում ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ունեցած դերակատարությանը, կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար և ընդգծել փոխադարձ փոխայցելությունների կարևորությունը՝ հարաբերությունների խորացման գործում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում