ՀՀ-ով անցնող միջազգային կոմունիկացիաներով կզբաղվի ԱԱԾ ստորաբաժանումներից մեկը․ ԱԺ նախագահ

ՀՀ-ով անցնող միջազգային կոմունիկացիաներով կզբաղվի ԱԱԾ ստորաբաժանումներից մեկը․ ԱԺ նախագահ

Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգության ապահովմամբ կզբաղվի Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իմ տեղեկություններով դա Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկն է լինելու։ Եվ այդ հարցը պատասխանում է նաև այն հարցին, թե մեր տարածքով անցնող կոմունիկացիաները ինչպես են վերահսկվելու։ Կա արդեն ձևավորված կառույց և այն կզբաղվի կոմունիկացիաներով»,- նշեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարող իրեն դուրս մղել տարածաշրջանի տնտեսական, առևտրային հարաբերություններից։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր բոլոր ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի հետ բացվեն։ Խոստանում եմ, որ այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը կրկնակի, եռապատիկ աճ է ունենալու և դա մեր համաքաղաքացիները տեսնելու են և վերջապես խաղաղություն ենք ունենալու»,- եզրափակեց Սիմոնյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին հայտարարել է, որ Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում