Քննարկվել են Ճապոնիայի դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող դրամաշնորհային ծրագրերը

Քննարկվել են Ճապոնիայի դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող դրամաշնորհային ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանը:

 

Նախարարն ու դեսպանը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա համագործակցությունը տարբեր ոլորտներում։

 

«Հայաստանը Ճապոնիայի համար անչափ կարևոր գործընկեր է»,- ընդգծել է դեսպանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ճապոնիայի դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող դրամաշնորհային ծրագրերը, դրանց իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման տարբերակները։

 

Նախարարի հետ հանդիպումից հետո դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը դրամաշնորհային պայմանագիր են ստորագրել։

 

Ըստ պայմանագրի՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին «Լոռու մարզում հասարակական ավտոբուսի տրամադրման ծրագրի» համար Grassroots Human Security ծրագրի շրջանակում կտրամադրվի 91,206 ԱՄՆ դոլարի դրամաշնորհային աջակցություն:

 

 

Ծրագրի նպատակն է բարելավել Լոռու մարզում տրանսպորտային ծառայությունների և մարզում մարդկանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը՝ տրամադրելով հաշմանդամություն ունեցող անձանց հարմար ավտոբուս դեպի Վանաձորը Դսեղին միացնող երթուղին: Արդյունքում՝ ավելի քան 5000 մարդ կկարողանա օգտվել ավելի լավ տրանսպորտային ծառայություններից։

 

Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը այս տարիների ընթացքում Հայաստանում իրականացրած ծրագրերի համար և հույս հայտնել, որ առաջիկայում էլ բազմաթիվ նման ծրագրեր կիրականացվեն։

 

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր հերթին ընդգծել է, որ ենթակառուցվածքների բարելավումն ու տարածաշրջանային զարգացումը ցանկացած երկրի կարևորագույն առաջնահերթությունն են։

 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ այս ծրագրի արդյունքում Լոռու մարզի ամբողջ տարածաշրջանը՝ Դսեղից մինչև Վանաձոր, կունենա բարվոք հանրային տրանսպորտային ցանց և հնարավոր կլինի գյուղական համայնքները կապել Վանաձորին և հակառակը։

 

Կկառուցվեն կանգառներ, վարորդները կվերապատրաստվեն, իսկ տրանսպորտի շարժին հնարավոր կլինի հետևել բջջային հավելվածի միջոցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում