Ապրիլի 24-ին ՀՀ-ում գործող ռուսական ալիքներով եթեր են տալիս երաժշտական հաղորդումներ. Հասմիկ Հակոբյան
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հասմիկ Հակոբյանը կարծում է, որ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում կասեցնելը քաղաքական ողջունելի քայլ է, սակայն ավելի կտրուկ միջոցներ են անհրաժեշտ, այն է՝ առհասարակ կասեցնել ռուսական ալիքների հեռարձակումը։
«Սրանք հարցեր են, որոնք հանձնաժողովը բարձրացնում է, քանի որ ակնհայտ է այդ ալիքներով, հաղորդումներով խառնվում են մեր ներքին կյանքին։ Ճիշտ է, «Սպուտնիկ»-ի դեպքը եղավ, ներողություն խնդրեցին, բայց այլ ռուսական ալիքների նկատմամբ կայացվող որոշումներն արդեն իշխանությունը պետք է կայացնի։ Հասկանում ենք, որ միանգամից բոլորն անջատել հնարավոր չէ, այստեղ քաղաքական հաշվարկներ կան, բայց այս տարբերակը ևս ընդունելի է՝ փակել քաղաքական բոլոր հաղորդումները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
«РТР планета», «Первый канал» և «Культура» հեռուստաալիքները հայկական եթերում են՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում 2020 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված միջպետական համաձայնագրով։
Ընդ որում՝ առաջինը հեռարձակվում է Հայաստանի ամբողջ տարածքում, մյուսները՝ միայն Երևանում։
Հանձնաժողովն այս պայմանագիրը լուծարելու որևէ լծակ չունի․ հաղորդակցությունը ընթանում է հայկական կողմից՝ ԲՏԱ, ռուսական կողմից՝ Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև։
Հակոբյանի խոսքով՝ ռուսական կողմն արդեն խախտել է այդ համաձայնագրի բոլոր կետերը, այսինքն՝ համաձայնագրով սահմանված է, որ հայկական հեռուստաալիքները նույնպես պետք է ցուցադրվեն ՌԴ-ում, ինչը, սակայն, չի արվում: Ապրիլի 24-ին էլ Հայաստանում գործող ռուսական ալիքներով ցուցադրում են երաժշտական հաղորդումներ, երբ ՀՀ օրենսդրությամբ այդ օրը արգելված է որևէ հեռուստաեթերով նման ոճի հաղորդումների եթեր տալը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամը, անդրադառնալով Մարիա Զախարովայի՝ խոսքի ազատության մասին պնդումները սահմանափակելու հայտարարություններին, նկատում է, որ հենց Ռուսաստանում է սխալ պատկերացումների վրա կազմված խոսքի ազատությունը:
«Խոսքի ազատության մասին խոսում է մի երկիր, որտեղ դա շատ ավելի վատ վիճակում է։ Ոտնահարում են բոլորի իրավունքները։ Հայաստանը չի կարող աչք փակել վիրավորանքների վրա, որոնք արվում են մեր պետականության, ժողովրդի ընտրած իշխանության նկատմամբ: Այո, ծանր են տանելու այս որոշում, սակայն այն հիմնավոր է»,- ասում է նա:
Կարծիքներ