Երևանում մեկնարկել են կանխարգելիչ միջոցառումներ. Կոստանյանը՝ մեկ օրում հոկտեմբերի 100-150 տոկոսի չափով տեղումների մասին

Երևանում մեկնարկել են կանխարգելիչ միջոցառումներ. Կոստանյանը՝ մեկ օրում հոկտեմբերի 100-150 տոկոսի չափով տեղումների մասին

Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ։

 

Մասնավորապես Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրել է, որ ինչպես «Վեոլիա ջուր» ընկերության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ որպես գործընկեր կառույց, մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ներգրավված է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը։

 

«Վարչական շրջաններում այսօր երեկոյից սահմանվելու են հերթապահություններ՝ տեղերում հնարավոր ջրականգերին արագ միջամտելու և լոկալ բնույթի խնդիրները վերացնելու նպատակով։

 

Հեղեղատարներում և անձրևընդունիչներում հնարավոր կուտակումներից զերծ մնալու համար, որպես աջակցություն, գործընթացում ներգրավվելու են նաև «Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի» մարդկային ռեսուրսները։

 

Աշխատանքներին նաև մասնակցելու են «Կանաչապատում և շրջակա միջայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ուժերը։

 

Վարորդներին հորդորում ենք տեղումների ժամանակահատվածում անձնական օգտագործման մեքենաներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասված է գրառման մեջ։

 

Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացրել էին, որ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-18-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում