Պտուղ-բանջարեղենի, խաղողի մթերման ծավալն աճել է. Փաշինյանը ներկայացրեց գյուղոլորտի աշխատանքները
Հայաստանում 2018 թվականից ի վեր պտուղ-բանջարեղենի, խաղողի մթերման ծավալներն ավելացել են 143 հազար 300 տոննայով կամ 76 տոկոսով, ինտենսիվ պտղատու այգիների ծավալները մեծացել են 792 հա-ով:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում 2018-ից ի վեր կատարված աշխատանքները և անելիքները:
«Առաջին անգամ ապահովել ենք 0 տոկոսով գյուղատնտեսական վարկեր և լիզինգ՝ սարքավորումները ձեռք բերելու նպատակով: Հայաստանում, որքանով էլ տարօրինակ է, բայց 0 տոկոսով գյուղատնտեսական վարկեր նախկինում չեն եղել: Այնպես չէ, որ հիմա բոլոր վարկերը 0 տոկոսով են, բայց կառավարությունը հատուկ ծրագրեր է իրականացնում, որ 0 տոկոսով վարկեր լինեն: 2018-ից ի վեր այս ծրագրերով մեր ժողովուրդը 100 մլրդ դրամի վարկեր է ստացել, տեխնիկա է ձեռք բերել»,- ասաց Փաշինյանը:
Պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերման ծավալներն ավելացել են 143 հազար 300 տոննայով կամ շուրջ 76 տոկոսով: «2018-ից մթերման ծավալները 76 տոկոսով ավելացել են: Երկու գործոն է դերակատարում ունեցել, նախ՝ ամբողջն արձանագրվել է, ստվերից մի հատված դուրս է եկել: Եվ մենք որոշակի սահմանափակումներ ենք դրել Հայաստան կոնյակի սպիրտի ներկրման համար: Նախկինում 20 մլն լիտր կոնյակի սպիրտ էր ներկրվում, 2020-ին այդ թիվը դարձել է 400 հազար լիտր: Սա լրացուցիչ 80 հազար տոննա խաղողի մթերման դաշտ է բացել»,- ասաց նա:
Հայաստանում սպիրտի արտահանման տուրքը հանվել է: Կոնյակի արտադրության տուրքը նվազեցվել է՝ տարեկան 15 մլն դրամից դառնալով 50 հազար դրամ: Սառնարանային տնտեսությունների ծավալներն ավելացել են 20 հազար տոննայով կամ 44 տոկոսով:
Ինտենսիվ պտղատու այգիների ծավալները 2018-ից ի վեր մեծացվել են 792 հա-ով: Սակայն այս թիվը կառավարությանը չի գոհացնում, ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշված է՝ ինտենսիվ այգիներն ավելացվելու են 5000 հա-ով: «Այսինքն՝ պլանավորում ենք տարին առնվազն 1000 հա ինտենսիվ այգի ունենալ: Կաթիլային համակարգով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացրել ենք 3000 հա-ով կամ 2,7 անգամ, իսկ հակակարկտային ցանցերով պաշտպանված մակերեսները՝ 413 հա-ով կամ 3,7 անգամ: Ավելացման ֆիզիկական ծավալը շատ մեծ չէ, բայց բազան այնքան քիչ է եղել, որ 3,7 անգամ է մեծացել»,-ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց նոր մեկնարկող ծրագրի մասին՝ մինչև 3 հա մշակող տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, 5 տարի ընդհանրապես ջրի ոռոգման վարձ չեն մուծի:
Կարծիքներ