Բորելը հայտարարել է Իսրայելի կառավարության անդամների դեմ պատժամիջոցների նախապատրաստման մասին
ԵՄ-ն կքննարկի Իսրայելի կառավարության անդամների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը Հորդանան գետի Արևմտյան ափի Ջիթ գյուղում պաղեստինցիների վրա իսրայելցի վերաբնակների հարձակումներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը: «Մենք դատապարտում ենք վերաբնակների հարձակումները Ջիթ գյուղում՝ ուղղված պաղեստինցի քաղաքացիական անձանց ահաբեկմանը, - գրել է Բորելը:
- Ես հաստատում եմ իմ մտադրությունը՝ պատժամիջոցներ առաջարկել նրանց դեմ, ովքեր նպաստում են ագրեսիվ վերաբնակների գործողություններին, ներառյալ Իսրայելի կառավարության որոշ անդամների դեմ»:
Բորելն Իսրայելի կառավարությանը կոչ է արել դադարեցնել անընդունելի բռնությունը, որն «օրեցօր իրականացվում է գրեթե լիակատար անպատժելիության պայմաններում» և «վտանգի տակ դնում խաղաղության ջանքերը»։
Օգոստոսի 15-ի երեկոյան տասնյակ իսրայելցի վերաբնակներ հարձակում էին գործել Արևմտյան ափի Ջիթ գյուղի վրա, հրկիզել տներ և մեքենաներ, պաղեստինցիների վրա նետել քարեր, շշառումբեր։ Տեղի ունեցած հարձակումների ընթացքում զոհվել է 23-ամյա մի պաղեստինցի։
Կարծիքներ