Իսրայելը Բալթյան երկրներին արգելել է Ուկրաինային մատակարարել իր վաճառած զենքերը
Իսրայելի պաշտպանության նախարարությունը 2021 թվականի դեկտեմբերին արգելել է Լատվիային, Լիտվային և Էստոնիային Կիևին փոխանցել Թել Ավիվի կողմից նախկինում վաճառված զենքերը։ Այս մասին իր կայքում հայտնում է Breaking Defence-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Փոխանցում է Iz. ru-ն։
Համաձայն այդ տվյալների՝ որոշման պատճառ է դարձել Իսրայելի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները հավասարակշռելու անհրաժեշտությունը։ Թել Ավիվը հավատում էր, որ Ուկրաինան կձգտի ձեռք բերել Spike հակատանկային հրթիռային համակարգեր, որոնք արտադրվում են իսրայելցի և գերմանացի մասնագետների համատեղ ընկերությունում
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Լատվիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ «Լատվիան չի նախատեսում Ուկրաինային իսրայելական արտադրության զենք մատակարարել, ուստի տեղեկությունը կմնա առանց մեկնաբանության»։
Լիտվայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ինքը «կանոնավոր» բանակցություններ է վարում իսրայելցի գործընկերների հետ, սակայն իսրայելական արտադրության զենք Կիև տեղափոխելու հարց չի բարձրացվել։
Էստոնիայից մեկնաբանություն հրապարակման պահին չի ստացվել։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։
«Այս ճգնաժամին ամեն տեսակի անուղղակի միջամտություն կարող է վնասել Երուսաղեմի և Մոսկվայի հատուկ հարաբերություններին», – ասել է պաշտպանության բարձրաստիճան իսրայելցի փորձագետը, որը ցանկացել է անանուն մնալ:
Թեև Իսրայելը քաղաքական հարաբերություններ է պահպանում Ուկրաինայի հետ, սակայն, ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI), վերջին տասնամյակում նրան որևէ զենք չի վաճառել: Սակայն Eurospike GmbH-ի միջոցով, որը համատեղ ձեռնարկություն է իսրայելական Rafael-ի և գերմանական Diehl Defense-ի և Rheinmetall-ի միջև, բալթյան երեք երկրներն էլ նախկինում ստացել են Spike համակարգեր:
Կարծիքներ