Գյումրեցի 16-ամյա մարզիկը ոսկե մեդալով է վերադարձել ուշուի Եվրոպայի առաջնությունից

Գյումրեցի 16-ամյա մարզիկը ոսկե մեդալով է վերադարձել ուշուի Եվրոպայի առաջնությունից

Գյումրեցի 16-ամյա մարզիկը ոսկե մեդալով է վերադարձել ուշուի Եվրոպայի առաջնությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Գյումրու համալիր մարզադպրոցի սան Նարեկ Մուրադյան ոսկե մեդալով է վերադարձել Բուլղարիայի Բուլգարս քաղաքում կայացած առաջնությունից՝ 16-18 տարեկանների մինչև 52 կգ քաշային կարգում: Սա պատանի մարզիկի համար առաջին միջազգային նմանատիպ մրցելույթն էր: Նույն մարզադպրոցը ներկայացնող մյուս սան՝  Գևորգ Պապոյանն  էլ գրավել  է պատվավոր երրորդ հորիզոնականը՝ 12-14 տարեկանների մինչև 52 կգ քաշային կարգում:

Ուշու-կոնֆույի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ, մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հրայր Կարապետյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ  առաջնությանը մասնակցել է ավելի քան 500 մասնակից 14 երկրներից:

«Տղաների համար սա առաջին միջազգային մրցելույթն էր, թեև Նարեկը Հայաստանի  բազմակի չեմպիոն է, Գևորգը՝ մրցանակակիր: 7-8 տարեկանից պարապում են, շատ աշխատասեր ու նպատակասլաց են: Հուսամ՝ դեռ նրանց մասին կլսենք: Երկուսն էլ մինչ այս հրաշալի մարտեր են անցկացրել, իսկ Նարեկը Եվրոպայի առաջնության վերջին մենամարտն անցկացրել է թուրք մարզիկի հետ՝ հաղթանակ գրանցելով»,- նշեց վաստակավոր մարզիչը՝ տեղեկացնելով, որ այս պահին էլ տղաները շարունակում են պարապել՝ պատրաստվելով առաջիկայում՝ հուլիսին և սեպտեմբերին  կայանալիք առաջնություններին:

Մայիսի 11-15-ը Բուլղարիայի Բուրգաս քաղաքում տեղի ունեցավ ուշուի Եվրոպայի 1-ին առաջնությունը, որը կազմակերպվել էր Եվրոպայի ուշուի ֆեդերացիայի (EUWUF) հովանու ներքո։ Հայաստանն առաջնությանը ներկայացել էր 5 մարզիկներով: Հավաքականը վերադարձել է՝ գրավելով մեկական առաջին և երրորդ, և երեք՝  երկրորդ հորիզոնականները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում