Երկօրյա այցով Հայաստան կժամանի Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը

Երկօրյա այցով Հայաստան կժամանի Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը

 Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն այս շաբաթ կժամանի Հայաստան: Քառօրյա այցի շրջանակներում նախարարը կլինի նաև Վրաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Նախարարը Հայաստանում կգտնվի հինգշաբթի և ուրբաթ օրերին և հանդիպումներ կունենա մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:

Ըստ հաղորդագրության՝ դաշնային նախարարը հանդիպումների ընթացքում հայկական կողմին կառաջարկի զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունը բարձրացնել երկկողմ ամուր գործընկերության մակարդակի: Այցը մեծապես կնպաստի Գերմանիայի և Հայաստանի միջև զարգացման քաղաքականության շուրջ համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:

«Այս տարի Գերմանիան և Հայաստանը տոնում են իրենց դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը. դաշնային նախարարի այցն այս առիթը նշանավորելու կարևորագույն քայլ է: Մեր գործընկերների հետ շփումների միջոցով կցանկանայի պատկերացում կազմել՝ ինչպես կարող է Գերմանիան լավագույնս աջակցել Հայաստանին»,-նախարարի խոսքերը մեջբերել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում