Բահրեյնի մայրաքաղաքում ցուցարարները հրկիզել են Իսրայելի դեսպանատան շենքը
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ցուցարարները հրկիզել են Իսրայելի դեսպանատան շենքը։ Այս մասին հայտնում է Maariv թերթը։
Պարբերականի տվյալներով՝ հոկտեմբերի լույս 20-ի գիշերը Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ մի խումբ ցուցարարներ ջահերով մոտեցել են դիվանագիտական առաքելության շենքին, հետո դրանք նետել դեսպանատան ուղղությամբ։ Հրկիզման պահին առաքելության շենքում ոչ մի աշխատակից չի եղել։
Հոկտեմբերի 18-ին Yedioth Ahronoth-ը հայտնել է, որ Իսրայելը ստիպված է եղել տարհանել իր դիվանագիտական ներկայացուցչությունները Եգիպտոսում և Մարոկկոյում՝ Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով առաջացած ցույցերի պատճառով: Հոկտեմբերի 19-ին Kan պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ Իսրայելի ԱԳՆ-ն որոշել է տարհանել իր բոլոր առաքելությունները Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Բահրեյնում։
Պաղեստինին աջակցող ցույցեր են տեղի ունենում նաև եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, որոնք երբեմն վերաճում են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։
Կարծիքներ