Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ մահափորձից գրեթե 48 ժամ անց ներկայացել է Հանրապետականների ազգային համագումարին՝ բուռն ծափահարությունների արժանանալով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Միլուոքի քաղաքում անցկացվող 4-օրյա համագումարին Թրամփը ներկայացել է վիրակապված ականջով։ Հավաքված բազմությունը վանկարկել է «Պայքարեք» և պարզել բռունցքները, ինչպես արել էր Թրամփը վիրավորում ստանալուց րոպեներ անց։
Նախկին նախագահը շնորհակալություն է հայտնել, այնուհետև տեղավորվել իր համար նախատեսված հատվածում իր զավակներից մի քանիսի և ԱՄՆ սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, որը հանրապետականների թեկնածուն է փոխնախագահի պաշտոնի համար։
Ակնկալվում է, որ Թրամփը հունիսի 18-ին նախատեսված ելույթում պաշտոնապես կընդունի իր կուսակցության կողմից իր թեկնածության առաջադրումը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ կմրցի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ հրաձիգը կրակ էր բացել Թրամփի վրա՝ ականջից վիրավորելով նրան։ Հանրահավաքին ներկա գտնվողներից մեկը զոհվել էր, ևս երկուսը՝ վիրավորվել։ Տեղում իրավապահների կողմից սպանված հրաձիգի՝ Թոմաս Մեթյու Քրուքսի գործողությունների դրդապատճառները հայտնի չեն։
Մահափորձից հետո Թրամփը հայտնել է, որ փոխել է իր առաջադրումն ընդունելու ելույթը և կենտրոնանալու է ազգային միասնության, այլ ոչ թե Բայդենի հետ տարաձայնությունների վրա։
Կարծիքներ