ՊԵԿ-ը հայտնաբերել է ավելի քան 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն ՀՀ դրամը
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները՝ համատեղ իրականացված մաքսային հսկողության ընթացքում, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Ղ.Ա.-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Զննության արդյունքում հայտնաբերվել է շագանակագույն կաշվե պայուսակ, որի կողային պատերը լցված են եղել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով:
Նշված դեպքով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Պարզվել է, որ նշված պայուսակը Հայաստանի Հանրապետությունում պետք է ստանա Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության քաղաքացի Լ. Լ.-ն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով պայուսակի փոխարեն նույնանման փոխարինված զանգվածներով պայուսակը ստանալուց հետո, ձերբակալվել է Լ. Լ.-ի կինը` ՀՀ քաղաքացի Ս. Խ.-ն: Վերջինս, իր բնակարանում ունեցել է նշված կաշվե պայուսակին նմանվող ևս 3 պայուսակ և դրանք հանձնել է ՊԵԿ աշխատակիցներին: Զննության արդյունքում պարզվել է, որ նշված պայուսակների նույնպես լցված են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով:
Այնուհետև թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ձերբակալվել է վարչություն ինքնակամ ներկայացած Չինաստանի քաղաքացին, որտեղից էլ վերջինս տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Հիշյալ դեպքով ձեռնարկված միջոցառումների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 10 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն ՀՀ դրամը:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 399-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ