Տեսնելով, որ զանգված չեն հավաքում, գուցե գնան ահաբեկչության, ոստիկանների հետ բախումների՝ առաջացնելով ճգնաժամ. քաղաքագետ
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժումը հստակ օրակարգ չունի և այդ պատճառով է, որ հայտնվել է ծիծաղելի իրավիճակում։
Վերջինս կրկնում է ավելի վաղ պնդած իր այն տեսակետը, որ շարժման նվազագույն խնդիրը հասարակության մեջ պառակտում մտցնելն է, որը, ըստ նրա, ձեռնտու է շարժումը ղեկավարող Ռուսաստանի Դաշնությանը, իսկ առավելագույն խնդիրը իշխանափոխության հասնելը և երկիրը Ռուսաստանին ինտեգրելուն մոտեցնելն է:
Նրա խոսքով՝ կա մեկ այլ վարկածը ևս. «Ինչո՞ւ հստակ օրակարգ չունեն, քանի որ ՌԴ-ն դեռևս չի կողմնորոշվում։ Տեսնում ենք, որ չնայած ռուսական «Առաջին ալիքը» այլևս մեզ մոտ չի հեռարձակվում, բայց յութուբյան հարթակում կա, և այնտեղ, օրինակ, Զատուլինը ասում է՝ «այս ուժերը չունեն այդ ուժը՝ Փաշինյանին հեռացնելու համար, ուստի պետք է շարունակել նրա հետ համագործակցությունը, քանի դեռ Հայաստանը չի հեռացել ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից»: Իսկ եթե տեսնեն, որ Փաշինյանը կտրուկ շրջադարձ է անում դեպի Արևմուտք, իրենք էլ զանգված չեն կարողանում հավաքել, գուցե ահաբեկչության գնան, արյունահեղություն լինի ոստիկանների հետ, մարդ զոհվի, երկրում ճգնաժամ առաջանա»:
Զրուցակցի կարծիքով՝ կազմակերպիչները չեն կարողանում քաղաքականապես ճիշտ ղեկավարել շարժումը: Նրա խոսքով՝ շարժման նկատմամբ վստահության պակասին նաև նպաստել է Ռուսաստանից եկող պաշտպանությունը:
«Իրենց աջակցող ուժերն էլ գնալով մարեցին, Հայրիկյանը հիասթափվեց, Հանրապետականը հայտարարեց, որ կան անընդունելի ուժեր և չեն համախմբվի։ Բացի դրանից՝ իրենց թեկնածուն անհասկանալի է, խոսքերը՝ անլուրջ։ Չգիտենք՝ հասկանալո՞վ է անում, թե՞ անհասկանալով»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նա։
Զրուցակիցը անտրամաբանական է համարում Գալստանյանի այն հայտարարությունները, թե Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղը չի բացառվում, որ իշխանությունն է կազմակերպել՝ շարժումը տապալելու համար:
Նրա դիտարկմամբ՝ հոգևորականի կոչումը անհասկանալիորեն սառեցրած անձը նախ որպես հոգևոր սպասավոր, այժմ արդեն քաղաքական գործիչ հատել է բոլոր կարմիր գծերը․ «Ստացվում է ի՞նչ, որ իշխանությունները Աստծո հետ կապի մե՞ջ են։ Նա կարմիր գծերը հատել է հատկապես, երբ երկրի ղեկավարի հասցեին կրկնեց նույն վիրավորական արտահայտությունները, ինչ Ալիևն էր ասել։ Թեև ես Փաշինյանի քննադատներից եմ, սակայն դա հոգևորականի համար խայտառակություն էր։ Եթե էդպես է, ինչո՞ւ չի կրկնում Քոչարյանի կամ Սարգսյանի մասին Ալիևի խոսքերը, երևի ավելի վատ խոսքեր են՝ հաշվի առնելով, որ մեկը թալանող է սեփական երկիրը, մյուսը՝ խաղացող»։
Դալլաքյանի նկատառմամբ՝ եկեղեցու հեղինակությունը նրա առաջնորդների վարած քաղաքականության պատճառով վտանգվել է. «Քննադատում են ոստիկաններին, բայց Քոչարյանի ժամանակ տեղի ունեցած հավաքներին իրավապահ մարմնի աշխատողները քաղաքացիական հագուստով առևանգում էին մարդկանց, ուստի այսօրվա և նախկին ոստիկանությունը համեմատելը անհիմն է»։
Թե որքա՞ն կշարունակվեն այս գործողությունները, քաղաքագետը սա ևս կապում է Ռուսաստանի որոշման հետ:
Կարծիքներ