Բայդենը կարծում է, որ Թրամփի պարտության դեպքում իշխանության խաղաղ փոխանցում չի լինի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ չէ, որ իշխանության խաղաղ փոխանցում կլինի, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պարտվի նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Բայդենը հիմնվում է այն բանի վրա, որ հանրապետական թեկնածու Թրամփը հայտարարել էր, որ ինքը կարող է պարտվել միայն այն դեպքում, եթե «ընտրությունները գողանան» իրենից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բայդենն ասել է CBS News-ին տված հարցազրույցում։
«Եթե Թրամփը հաղթի, ես ոչնչում վստահ չեմ։ Եթե Թրամփը պարտվի, ես ոչնչում վստահ չեմ։ Մենք նրան լուրջ չենք ընդունում, բայց նա ամենայն լրջությամբ է ասում, երբ ասում է, որ եթե իրենք պարտվեն, արյունահեղություն կլինի, դա կլինի գողացված ընտրություն», - ասել է Բայդենը։
Թրամփը մարտին հայտարարել էր, որ եթե պարտվի 2024 թ. նոյեմբերի ընտրություններում, ապա կլինի «արյունահեղություն» ԱՄՆ ավտոարդյունաբերության և երկրի համար։
Բայդենի ընտրարշավի թիմն արագ կենտրոնացավ այս հայտարարության վրա՝ նշելով, որ Դոնալդ Թրամփը քաղաքական բռնություններ է հրահրում։ Հուլիսին Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին։
Կարծիքներ