Քննարկվել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատավոր, ՄՔԴ մասնակից պետությունների ասամբելայի նախկին նախագահ Սիլվիա Ֆեռնանդեսի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը եւ հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը:
Կողմերը քննարկել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները:
Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է ՄՔԴ-ի կանոնադրության վավերացումից հետո իմպլեմենտացիոն օրենսդրության մշակման եւ ընդունման հարցում մեր երկրի ձեռնարկած քայլերը:
Քննարկվել են ՄՔԴ-ի դերակատարության կարեւորությանն առնչվող հարցեր՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող զարգացումները: Կարեւորվել է պետությունների դերակատարությունը ՄՔԴ-ի կայացման գործում, քանի որ շատ որոշումներ փոխկապակցված են լինում նաեւ ասամբլեայի որոշումներից եւ անդամ պետությունների կամքից:
Կողմերն անդրադարձել են ժամանակակից աշխարհում միջազգային քրեական արդարադատությանն առնչվող մարտահրավերներին եւ հույս հայտնել, որ այդ մարտահրավերների արդյունքում միջազգային քրեական արդարադատությունը համաշխարհային մասշտաբով առավել արդյունավետ կդառնա եւ կանխարգելիչ կլինի միջազգային իրավունքի դեմ կատարված հանցագործությունների դեմ պայքարի հարցում:
Կարծիքներ