Դատարանը վարույթ է ընդունել Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ Առուշանյանի բողոքը
Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի բողոքը՝ Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ:
Նիստը տեղի է ունենալու գրավոր ընթացակարգով, այն քննելու է դատավոր Գոռ Գասպարյանը:
Այս մասին «Ազատության»-ը փոխանցել են դատական դեպարտամենտից՝ առանց լրացուցիչ մանրամասների:
Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը, ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ:
Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։
Կարծիքներ