Եվրոպան պետք է դերակատարություն ստանձնի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցման գործում. Լիտվայի ԱԳ նախարար
ԵՄ-ն այն աշխարհաքաղաքական ուժն է, որը կարող է կարևոր առաքելություն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ ապահովելու կայունություն, ժողովրդավարություն և բարեփոխումներ, որոնք կօգնեն պետություններին՝ դեպի եվրոպական արժեքներ իրենց ձգտումներում: Այդ մասին Թբիլիսիում ԵՄ պատվիրակության գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:
Նրա համոզմամբ՝ կայունության ու կանխատեսելիության կարիքը տարածաշրջանը շատ ունի: «Այցը լավ առիթ էր լսելու կողմերի կարծիքը՝ ինչպես կարող է Եվրամիությունն ավելի ներգրավված լինել: Հայաստանին և Ադրբեջանին պետք է օգնենք վստահության կառուցման հարցում»,-համոզմունք է հայտնել Լանդսբերգիսը:
Նա հույս է հայտնել, որ վերջերս նաև Եվրամիության ու Վրաստանի ղեկավարության դերակատարությամբ իրականացված հայ գերիների վերադարձը և ականապատված տարածքների քարտեզների՝ Ադրբեջանին տրամադրումը կարող է շարունակություն ունենալ:
«Ժամանակն է խոսելու Եվրամիության դերակատարության մասին՝ ողջ տարածաշրջանում կապեր ստեղծելու իմաստով՝ կլինի ճանապարհների միջոցով թե այլ ենթակառուցվածքներով՝ գազամատակարարում, էլեկտրամատակարարում: Միությունը գիտի՝ ինչպես պետք է դա անել»,- նշել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը:
Կարծիքներ