Քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը այցելել են շինհրապարակներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր շրջայց են կատարել մարզի մի շարք շինհրապարակներում։ Կոմիտեի պատասխանատուներն ու մարզպետը նախ քննարկել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի ընթացքն ու արձանագրված թերացումների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Այս մասին հայտնել են Քաղշինկոմիտեից։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ կոմիտեն հետևողական է լինելու՝ պատշաճ որակով և անհրաժեշտ ծավալով ավարտին հասցնելու իրեն վստահված ծրագրերը։
«Մեր մոտեցումը հստակ է. որակի հարցում կոմպրոմիս չի լինելու, և այդ մասին հայտնել ենք շինարարական կազմակերպությունների ղեկավարներին։ Ծրագրերը համակարգելիս կոմիտեն ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի ամենասեղմ ժամկետներում խնդիրները բացահայտվեն և լուծվեն»,- ասել է նա։
Շիրակի մարզպետը կարևորել է, որ համագործակցված աշխատանքով հնարավոր լինի հասնել իրականացվող պետական ծրագրերում թերությունների վերացմանը և նոր մեկնարկող աշխատանքներում նման խնդիրների բացառմանը. «Շատ ուրախ եմ, որ Շիրակի մարզում եք, և կկարողանանք նորից լինել շինօբյեկտներում ու խոսել, լսել շինարարներին, դիտարկել բոլոր աշխատանքները, անել հնարավորը խնդիրների լուծման համար»։
Քննարկումից հետո պատասխանատուները եղել են մի շարք շինօբյեկտներում։ Շիրակի մարզի 3 բնակավայրում՝ Բերդաշենում, Արեգնադեմում և Կապսում, իրականացվում է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագիրը։
Շիրակի մարզպետն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահն աշխատակազմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ սկզբում եղել են Բերդաշենում, որտեղ ընթանում են դպրոցի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 723 մլն 213 հազար դրամ է, 2024-ի համար նախատեսվել է 276 մլն 712 հազար դրամ։ Այնուհետև այցելել են Արեգնադեմ բնակավայր, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքները։ Դպրոցի կառուցման արժեքը 747 մլն 566 հազար դրամ է, 2024 թվականի համար հատկացվելու է շուրջ 389 մլն 461 հազար դրամ։
Կոմիտեի նախագահն ու մարզպետը մասնագետների հետ դիտարկել են կատարված աշխատանքները, շինարարներին հանձնարարել հնարավոր սեղմ ժամկետներում կատարել անհրաժեշտ շտկումները։
Դիտարկվել են նաև Կապսի դպրոցի շինաշխատանքները, որոնք գտնվում են ավարտական փուլում, սակայն նախանշվել են բացթողումներ։ Նշենք, որ մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով:
Աշխատանքային այցի շրջանակներում Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Շիրակի մարզպետը դիտարկել են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինաշխատանքները։ 6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ համալիրի կառուցման համար 2024 թվականին նախատեսվել է 1 մլրդ 534 մլն դրամ։ Համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները։
Կարծիքներ