Բացարձակ ճիշտ է. Պապոյանը՝ ԱՊՀ նիստին ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությանն առնչվող վարչապետի հնչեցրած տվյալների մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությանն առնչվող քննարկմանը։
«Պուտինը հարցնում է՝ որքա՞ն է հիմա Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը։
Վարչապետը պատասխանում է՝ այս տարի արդեն 4 միլիարդ դոլար, ինչին ի պատասխան Պուտինն ասում է՝ ո՛չ, ավելի շատ։
«Անցած տարի 9 միլիարդ էր»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Պուտինը կրկին չի համաձայնում, պնդում է, որ անցյալ տարի ավելի շատ էր, և վստահ կանխատեսում է, որ այս տարի ավելի շատ կլինի։
«Это очевидно»,- ասում է ՌԴ նախագահը, որից հետո թեման փակում է՝ ասելով, որ դա կարևոր չէ։
Ի՞նչ են ասում թվերը
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան-Ռուսաստան ապրանքային առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4.5 միլիարդ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 9.2 մլրդ դոլար։ Սա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի ներկայացրած թվերը, թեև ոչ շատ ճշգրիտ, բայց արտացոլում են իրականությունը (որովհետև համեմատելու համար պետք է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը դիտարկել)։
Երկրորդ՝ ըստ տարվա առաջին 8 ամիսների տվյալների՝ ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը կրկնակի նվազել է։ Ակնհայտ է, որ այս տարվա արդյունքներով առևտուրը չի կարող ավելի շատ լինել, քան նախորդ տարի (եթե սեպտեմբեր-դեկտեմբերին հրաշք չլինի)։ Այսինքն՝ նախագահ Պուտինի կանխատեսումը սխալ է։
Եվ երրորդ՝ ՀՀ-ՌԴ վերջին 2-3 տարիների ապրանքային առևտրաշրջանառության թվերին պետք է խիստ վերապահումներով մոտենալ, որովհետև դրա մեջ մտնում է նաև վերաարտահանումը։ Եթե վերաարտահանումը «ֆիլտրենք» և փորձենք հասկանալ իրական առևտուրը, թվերը շատ ավելի փոքր կլինեն։
Այս թեմային չէի անդրադառնա, եթե աչքովս չընկներ մի քանի գրառում, որոնց հեղինակները այս կարճ բանավեճը որակել էին որպես խայտառակություն և եզրակացրել, որ Հայաստանի վարչապետը իրավիճակին չի տիրապետում։
Իրական խայտառակությունն այն է, որ մեր տեղացի որոշ «փորձագետներ» նեղություն չեն քաշում՝ ինքնուրույն ճշտելու տվյալները և ի սկզբանե ավելի հակված են հալած յուղի տեղ ընդունել մեկ այլ երկրի ղեկավարի խոսքը՝ առիթն օգտագործելով հերթական անգամ ցեխ շպրտել սեփական իշխանությունների վրա։
Իշխանություններին չեք ընդունում, հասկացանք, բայց գոնե ձեր խոսքի արժեքն ու մասնագիտական հեղինակությունը հարգեք»,- գրել է նա։
Թեմային անդրադարձել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերը, նշել՝ «Հետևաբար, բացարձակ ճիշտ է»։
Նախարարը հրապարակել է նաև ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ու առևտրի հաշվեկշռի ցուցանիշները՝ ըստ առանձին երկրների, որը ներկայացնում ենք ստորև:
Կարծիքներ