Եվրահանձնաժողովի ղեկավարը մեկնաբանել է՝ ինչու իրեն աթոռ չէր հասել Էրդողանի և ԵԽ նախագահի հետ հանդիպմանը
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ զրույցում իր կարծիքն է հայտնել, թե ինչու էին իրեն աթոռից զրկել Եվրախորհրդի և Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
«Ես դրան ուրիշ բացատրություն չեմ գտնում բացի նրանից, որ ես կին եմ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով պատգամավորների առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում:
Նա նաև հիշեցրել է, որ առաջին կինն է իր պաշտոնում և անհրաժեշտ է համարում, որ իր հետ վարվեն ինչպես Եվրահանձնաժողովի նախագահի հետ: «Դեռ շատ բան պետք է արվի, որպեսզի կանանց վերաբերվեն հավասարի պես»,- մեկնաբանել է պաշտոնյան:
Այս առումով նա «Թուրքիայի հետ Եվրամիության ապագա հարաբերությունները կապել է այդ երկրում կանանց իրավունքների հանդեպ հարգանքի հետ»: Նա հավելել է, որ մտադիր է ուսումնասիրել կանանց հանդեպ խտրականության դրսևորումները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավարի հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 6-ին Անկարայում: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում էր, որ բանակցությունների սրահում երկու աթոռ է տեղադրված եղել, որին տեղավորվել են Միշելն ու Էրդողանը, իսկ Ֆոն դեր Լյայենը մնացել է կանգնած: Այնուհետև նրան նստեցրել է բազմոցին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի դիմաց, որի պաշտոնն ավելի ցածր է դիվանագիտական կանոնակարգով:
Կարծիքներ