Բելառուսում նախագահական ընտրությունների օրը հնարավոր է ամբողջովին անջատվի համացանցը

Բելառուսում նախագահական ընտրությունների օրը հնարավոր է ամբողջովին անջատվի համացանցը

Բելառուսի իշխանությունները չեն բացառել նախագահական ընտրությունների օրը` օգոստոսի 9-ին, համացանցի անջատումը երկրում՝ այն բանից հետո, երբ Մինսկի մոտակայքում ձերբակալվել է ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը, գրում է znak.com կայքը` հղում տալով «Наша Нiва» բելառուսական հրատարակությանը:

Դմիտրիևի խոսքով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած հանդիպման ժամանակ նա հարցրել է Անվտանգության խորհրդի պետքարտուղար Սերգեյ Ռավկովին, թե արդյոք հնարավոր է, որ օգոստոսի 9-ին երկրում անջատվի համացանցը: Ռավկովը պատասխանել է, որ եթե վտանգներ լինեն, համացանցի ամբողջական անջատումը բացառված չէ:

Բելառուսական ԱԱԾ-ի տվյալներով՝ նախագահական ընտրություններից առաջ շուրջ 200 արտասահմանցի վարձկան պատրաստվում է սադրանքներ իրականացնել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են:

Բելառուսում 170 զինյալի որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում